Համանախագահները նոյեմբերի 10-ին Փարիզում առանձին հանդիպել են Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի և Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ։ Տեղի է ունեցել համանախագահների և երկու արտգործնախարարների համատեղ հանդիպում, որը բացել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան Իվ Լը Դրիանը։ Հանդիպումներին մասնակցել է նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը։
Համանախագահները և արտգործնախարարները շարունակել են Նյու Յորքում սկսված քննարկումները մի շարք հնարավոր ապաէսկալացիոն միջոցների և գործընթացի հետագա քայլերի վերաբերյալ, ներառյալ այս ձևաչափով ապագա հանդիպումները և համանախագահների առաջարկած այցը տարածաշրջան։ Համանախագահները և նախարարները քննարկել են նաև նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքը։
Համանախագահները վերահաստատել են առաջընթացի հասնելու կարևորությունը մարդասիրական հարցերում, որոնք ներառում, սակայն չեն սահմանափակվում պահվող անձանց, ականազերծման, անհետ կորածների, տեղահանվածների կամավոր վերադարձի և պատմական ու մշակութային վայրերի պաշտպանության խնդիրներով, ինչպես նաև կողմերին կոչ են արել անարգել մուտք ապահովել միջազգային մարդասիրական կազմակերպությունների համար։ Համանախագահները նաև ընդգծել են հրահրիչ հռետորաբանությունից և սադրիչ գործողություններից խուսափելու կարևորությունը:
Համանախագահները նոյեմբերի 10-ին և 11-ին հանդիպել են Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության և Ելիսեյան պալատի ներկայացուցիչների հետ և քննարկել իրենց մանդատի շրջանակում ձեռնարկվող շարունակական ջանքերը՝ օգնելու կողմերին համապարփակ լուծումներ գտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող կամ դրանից բխող մնացած բոլոր հարցերի համար։
Facebook Forum