Մատչելի հղումներ

Հիմնադրամի դեմ իրականացվել է մեդիաարշավ. Հայկակ Արշամյան


«Հայաստան» համահայկական հիմնադրամի ծրագրերի, գալիք հեռուստամարաթոնի ու կառույցին առնչվող այլ հարցերի մասին «Ամերիկայի ձայն»-ը զրուցել է կազմակերպության գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանի հետ

Օրերս Միացյալ Նահանգներում էր գտնվում «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը, ով այստեղ էր այցելելնոյեմբերի 25-ին կայանալիք հեռուստամարաթոնի նախապատրաստական աշխատանքների համար: Ամերիկայի ձայնի հետ զրույցում Արշամյանը ներկայացրեց հիմնադրամի կատարվող աշխատանքները և պատասխանեց գալիք հեռուստամարաթոնի հետ կապված հարցերին (Ամբողջական հարցազրույցը դիտեք այստեղ):

՛՛Այս տարվա հեռուստամարաթոնի հասույթը կուղղվի սահմանային համայնքերը կենսունակ դարձնելուն և զարգացնելուն՛՛,- ասում է Արշամյանը:

Նա տեղեկացրեց, որ այս տարի որոշակի փոփոխություններ կլինեն հեռուստամարաթոնի անցկացման հարցում: Այն ավելի շատ ուղղված կլինի հանրությանը հաշվետու լինելուն, քան դրամահավաք կազմակերպելուն:

՛՛Հիմնադրամն ունի ավելի քան 750 հազար նվիրատու: Կփորձենք մեր նվիրատուներին ներկայացնել այն հսկայական աշխատանքը, որն իրականացվել է վերջին մեկ տարվա ընթացքում: Դրանով իրենք կարող են գնահատել հիմնադրամի աշխատանքը և իրենց համար պարզեն կանգնել հիմնադրամի կողքին, թե ոչ՛՛,- ասում է Արշամյանը:

Ըստ նրա՝ հիմնադրամը մի քանի ուղղություններով հսկայածավալ վերականգնողական աշխատանքներ է իրականացնում հետպատերազմյան շրջանում ինչպես Հայաստանում, այնպես էլ Լեռնային Ղարաբաղում: Դպրոցաշինության, ճանապարհաշինության, ջրամատակարարման, բնակարանաշինության և այլ կենսական նշանակություն ունեցող ենթակառուցվածքների վերականգմանն ու կառուցմանը ուղղվում են տասնյակ միլիոնավոր դոլարներ, որոնք հիմնադրամը հավաքագրել է պատերազմի ժամանակ և դրանից հետո:

Արշամյանն անդրադարձավ նաև վերջին շրջանում մամուլում ու քաղաքական դաշտում ակտիվորեն քննարկվող պատերազմի շրջանում հիմնադրամի կողմից ՀՀ կառավարությանը 107 միլիոն դոլարի նվիրաբերության հարցին:

՛՛Այս հարցը շատ շահարկվեց, և հիմնադրամի դեմ նաև ընթացավ մեդիաարշավ՛՛,- ասում է նա:

Ըստ Հայկակ Արշամյանի, հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը, որն իր մեջ ներառում է բազմաթիվ տեղական և սփյուռքահայ շրջանակներ, ինը որոշմամբ որոշել է այդ գումարը նվիրաբերել ՀՀ կառավարությանը:

՛՛Նվիրաբերությունը տեղի է ունեցել պայմանագրային հիմունքներով, որը ենթադրում է, որ այդ գումարները պետք է ծախսվեն հստակ ուղություններով: Հիմնադրամը օգտագործել է կառավարության ողջ ներուժը՝ իր վերջնական շահառուներին արագ հասնելու համար՛՛,- ասում է Արշամյանը:

Նա նշում է, որ պատերազմի ընթացքում ու դրանից անմիջապես հետո հիմնադրամը ի վիճակի չէր լինի արագորեն նման հսկայածավալ միջոցներ ծախսել՝ ծրագրեր իրականացնելու համար: Արդյունքում, հիմնադրամը ՀՀ կառավարության է վստահել այդ գործառույթը՝ վերջինիս նվիրաբերելով 107 միլիոն դոլարիչափով գումար:

՛՛Կառավարությունն էլ պարտավորվել է այդ միջոցները ծախսել սոցիալական, առողջապահական ծրագրերի և ենթակառուցվածքների վերականգման ուղղությամբ՛՛,- ասում է հիմնադրամի տնօրենը՝ տեղեկացնելով, որ ՀՀ ֆինանսների նախարարությունը պարբերաբար տրամադրել է հաշվետվություն այս գումարի ծախսման վերաբերյալ: Ըստ նրա՝ որոշվել է, որ նոյեմբերի վերջին տեղի կունենա հոգաբարձուների խորհրդի նիստ, ուր կքննարկվի հիմնադրամի պարզաբանումն ու կառավարության հաշվետվությունը, որի արդյունքում կկայացվի համապատասխան որոշում:

Բացի այդ, շաբաթներ առաջ այս հարցի քննարկման նպատակով ՀՀ ԱԺ-ում ստեղծվել է քննիչ հանձնաժողով, որը պետք է ուսումնասիրի, թե ինչպես է կառավարությունը ծախսել հիմնադրամի նվիրաբերած գումարը:

Հայկակ Արշամյանն ընդգծում է՝ հանձնաժողովի նախաձեռնողները շատ լավ տեղյակ էին, որ նոյեմբեր ամիսը շատ կարևոր ամիս է հիմնադրամի համար, իսկ նոյեմբերի 25-ին պետք է կայանա հեռուստամարաթոնը: Նրա կարծիքով՝ չնայած հանձնաժողովի նախագահը հավաստիացրել է, որ հանձնաժողովի նպատակն է հիմնադրամի վարկանիշի բարձրացումը, սակայն, ըստ գործադիր տնօրենի, միայն այն փաստը, որ հանձնաժողովի անվան մեջ առկա է հիմնադրամի անվանումը, արդեն դրանով միայն վնաս է հասցվում հիմնադրամին:

՛՛Եթե խոսքը գնում է հիմնադրամի վարկանիշը բարձրացնելու մասին, ապա դրա համար կար հաշվեքննիչ պալատ, որի մասին լավ տեղյակ էին քննիչ հանձնաժողով ստեղծող խմբակցությունները: Նրանք կարող էին այդ պալատի միջոցով իրականացնել իրենց աուդիտը՛՛,- պնդում է Հայկակ Արշամյանը:

Նա հայտնեց նաև, որ համահայկական հիմնադրամի ծրագրերը չեն սահմանափակվում միայն Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում իրականացվող ծրագրերով: Կառույցն աջակցել է Լիբանանում և Սիրիայում հայկական գաղութներին: Մասնավորապես, այս տարվա սեպտեմբերին մեկ միլիոն ԱՄՆ դոլար է տրամադրվել լիբանանահայությանը:

Գործադիր տնօրենն իր խորին երախտագիտություն է հայտնում հիմնադրամի կողքին կանգնած նվիրատուներին, հատկապես պատերազմի շրջանում: Նա կոչ է անում հիմնադրամի գործունեության մասին դատել ոչ թե մամուլի հրապարակումների կամ ուղղուրդված մեդիաարշավի միջոցով, այլ հիմնադրամի ներկայացրած և կատարած աշխատանքներով:

Facebook Forum

XS
SM
MD
LG