Մատչելի հղումներ

Բարաք Օբաման կոչ է անում երիտասարդներին իրենց քվեով նպաստել կլիմայական փոփոխությունների դեմ պայքարին


ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման երկուշաբթի քննադատեց նրանց, ովքեր վարում են կլիմայական փոփոխության դեմ պայքարից խուսափելու քաղաքականություն: Այս հարցում նա քննադատել է Ռուսաստանին և Չինաստանին, ինչպես նաեւ ԱՄՆ-ի հանրապետական ղեկավարներին:

«Հատկապես հուսահատեցնող է այն հանգամանքը, որ մթնոլորտն ամենից շատն աղտոտող երկրները` Չինաստանն ու Ռուսաստանը հրաժարվել են անգամ մասնակցել Գլազգոյի հանդիպմանը », - ասել է Օբաման:

‘’Երկրագնդի համար չափազանց կարեւոր այս հարցում անտարբերություն ցուցաբերելու հանգամանքը պարզապես ամոթ է’’, հայտատարել է նա:

Դեմոկրատ նախկին նախագահը, ելույթ ունենալով COP26 կլիմայական գագաթաժողովի ժամանակ, թիրախ է ընտրել նաև Հանրապետական կուսակցությունից ընտրված օրենսդիրներին:

Օբամայի խոսքերով, Փարիզի համաձայնագիրը, որի կայացման ու այստեղ պայմանագիր կնքելու համար ինքը մեծ ջանքեր էր ներդրել, ստեղծել է կլիմայի փոփոխության դեմ պայքարի կարեւոր շրջանակ: ‘’Սակայն դրանից հետո շատ քիչ բան է արվել’’, ասում է նա:

«Պետությունների մեծ մասը չի ցուցաբերել կլիմայական փոփոխության դեմ պայքարելու այնպիսի կիրք, ինչպիսին պիտի ունենայինք կարեւորագույն այս խնդրում», ասել է Օբաման:

«Քվեարկեք այնպես, ինչպես տեսնում եք ձեր կյանքի ապագան, քանի որ այդ ապագան կախված է այդ քվեից», ասել է ԱՄՆ-ի նախկին նախագահ Բարաք Օբաման իր խոսքն ուղղելով հատկապես երիտասարդությանը: Նա ավելացրել է, որ միայն ընտրողների կողմից ցուցաբերվող ճնշումը կարող է ստիպել պետություններին ավելի լրջորեն մոտենալ կլիմայական փոփոխության դեմ անհրաժեշտ նախագծերին:

XS
SM
MD
LG