Մատչելի հղումներ

Աշխարհն` ընդդեմ ջերմացման, ածխի կիրառումը` հանուն տնտեսական շահերի


Մինչեւ 2030 թվականը անտառահատումների դադարեցում և 200 միլիոն հեկտար անտառների և այլ էկոհամակարգերի վերականգնում` մոտ 20 միլիարդ դոլարի պետական և մասնավոր ֆինանսավորմամբ: Սա էր Շոտլանդիայի Գլազգո քաղաքում կլիմայի հարցերով ավելի քան 100 երկրների առաջնորդների մասնակցությամբ անցկացված համաժողովում գլխավոր խոստումը:

Մեթանի արտանետումները, որոնք հիմնականում գալիս են այնպիսի արդյունաբերություններից, ինչպիսիք են նավթը, գազը և քարածուխը, նույնպես կկրճատվեն: Առաջնորդները պարտավորվել են նվազեցնել դրանց արդյունահանման մակարդակը 30%-ով:

ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը ներկայացրել է անտառահատումները կրճատելու և մեթանի արտանետման ծավալները սահմանափակելու ԱՄՆ-ի ծրագրերը: Նա քննադատել է Չինաստանին և Ռուսաստանին իրենց պարտավորությունները չկատարելու համար:

Չինաստանը և Ռուսաստանը մերժում են մեղադրանքը և հայտարարում, որ արևմտյան արդյունաբերական զարգացած երկրներն են կրում պատասխանատվություն այսօր մթնոլորտում ջերմոցային գազերի նման ծավալների համար:

Չինաստանն ու Ռուսաստանը նպատակադրվել են արտանետումների ծավալները հասցնել զրոյական մակարդակի մինչեւ 2060 թվականը, ինչը մեկ տասնամյակով հետ է մնում մյուս երկրների կողմից ստանձնած պարտավորություններից: Ինչ վերաբերում է անտառահատմանը, երկու երկրներն էլ խոստանում են դադարեցնել այն:

Կլիմայի հարցերով ակտիվիստները ողջունում են այդ խոստումները, սակայն նաեւ մնում են թերահավատ:

Նրանք հիշեցնում են, որ կառավարությունները նման խոստումներ են տվել դեռեւս 2014 թվականին՝ Անտառների մասին Նյու Յորքի հռչակագրով: Բայց դրանք ոչ մի արդյունքի չեն հանգեցրել, ասում են նրանք:

Կլիմայական հարցերով բանակցությունները կշարունակվեն մինչև նոյեմբերի 12-ը։ Սակայն քարածխից կախվածությունը վերացնելու առաջարկն արդեն իսկ լռեցվել էր մինչեւ համաժողովը, երբ Հռոմում Մեծ քսանյակի երկրներին չհաջողվեց ձեռք բերել ջերմոցային գազերի արտանետումների ծավալի ավելի քան 70 տոկոսի համար պատասխանատու էներգիայի այս ամենաաղտոտ աղբյուրից հրաժարվելու մասին համաձայնություն:

XS
SM
MD
LG