Մատչելի հղումներ

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը և ՀՀ ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր


US Armenia flags

ՀՀ արտաքին գործերի նախարարության հրապարակման համաձայն ՀՀ ԱԳ նախարարը և ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը քննարկել են Ռազմավարական երկխոսության շրջանակներում ձեռնարկվելիք մի շարք քայլեր:

Հրապարակման մեջ մասնավորապես ասված է.
"Հոկտեմբերի 21-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Քերըն Դոնֆրիդի հետ:

Զրուցակիցները գոհունակություն են հայտնել հայ-ամերիկյան երկխոսության զարգացման դինամիկայի կապակցությամբ՝ հատկապես կարևորելով ժողովրդավարության, օրենքի գերակայության, մարդու իրավունքների պաշտպանության, կոռուպցիայի դեմ պայքարի հարցերում համագործակցությունը: Արարատ Միրզոյանն ու Քերըն Դոնֆրիդը քննարկել են տարբեր հարթակների, այդ թվում՝ Հայաստան-ԱՄՆ ռազմավարական երկխոսության (USASD) շրջանակներում ձեռնարկվելիք քայլերը:

Կողմերն անդրադարձ են կատարել նաև տարածաշրջանային անվտանգության հարցերին: Երկուստեք կարևորվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի շրջանակներում:

Անդրադառնալով 44-օրյա պատերազմի հետևանքով ստեղծված հումանիտար խնդիրներին՝ նախարար Միրզոյանն առաջնահերթ ընդգծել է հայ ռազմագերիների ու քաղաքացիական պատանդների հայրենադարձման հարցը, որոնք ապօրինաբար պահվում են Ադրբեջանում":

XS
SM
MD
LG