Մատչելի հղումներ

Եթե Իրաքը չզգա առաջընթաց, բողոքի ալիքը կվերադառնա որպես ցունամի


Իրաքում անցած կիրակի օրը խորհրդարանական ընտրություններ էին: Փորձարկման է դրված ժողովրդավարությունը: Մի բան, ինչը շատերի կարծիքով այստեղ չկա ընդհանրապես:

2019 թվականն էր, երբ այստեղ ամբողջ երկրում տարածում գտան բողոքի ցույցերը: Անցած տարիների ընթացքում ամենամարդաշատ այս բողոքի ալիքի մասնակիցները պահանջում էին ‘’կոռումպացված’’ կառավարության հրաժարականը: Սակայն սկսված բռնություններն այդ օրերին խլեցին հարյուրավոր կյանքեր, մեծ թվով մարդիկ ստացան մարմնական վնասվածքներ, մյուսներն առեւանգվեցին: Բայց կառավարությունը ստիպված գնաց մեկ զիջման` համաձայնվեց անցկացնել վաղաժամ ընտրություններ:

Կան մարդիկ, ովքեր ինչ որ հույս կապում են այս ընտրությունների հետ: Նրանք ասում են, որ եթե անկախ թեկնածուները ստանան առնվազն տասը տոկոսը, հաջորդ ընտրությունները կանցկացվեն իրական պետության մեջ:

Սակայն շատ ու շատերն էլ չեն ուզում ընդհանրապես մասնակցել ընտրություններին: Նրանց խոսքերով, Սադդամ Հուսեյնի իշխանության տապալումից տասնութ տարի անց էլ ժողովրդավարություն կոչվածը չի հասել Իրաք:

Մարդկանցից շատերն են բողոքում կյանքի պայմանների համար: ‘’Երբ դրսում հիսուն աստիճան շոգ է, էլեկտրականություն ենք ստանում օրական միայն մեկ ժամ’’, ասում են նրանք:

Ըստ վերլուծությունների, այս ընտրություններում հաղթող դուրս կգան կրոնական գործիչ Մուքթադա ալ Սադրի կողմնակիցները: Շիա մահմեդական այս գործիչը հանդես է գալիս ընդդեմ Իրանի եւ ԱՄՆ-ի:

Սակայն Իրաքում նոր խորհրդարան կազմելու եւ նոր վարչապետ նշանակելու համար պահանջվում է մի քանի ամիս, անկախ նրանից, թե որ կուսակցությունն է ստացել ձայների մեծամասնությունը:

Ու եթե այս ընտրություններից հետո էլ ժողովուրդը չտեսնի դրական փոփոխություն Իրաքում, տասնամյակներով պատերազմի ու տնտեսական ճահճի մեջ հայտնված այս երկրում լարվածությունն ավելի կսրվի, եւ 2019 թվականի զանգվածային բողոքի ալիքը կվերադառնա որպես ցունամի:

XS
SM
MD
LG