Մատչելի հղումներ

Նավալնիին կալանավայրում որակել են ահաբեկիչ և ծայրահեղական


Ընդդիմադիրին հանել են փախուստի հակված բանտարկյալների գրանցամատյանից

Անազատության մեջ գտնվող ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին երկուշաբթի օրը հայտնել է, որ կալանավայրում հատուկ հանձնաժողովն իրեն որակել է ծայրահեղական և ահաբեկիչ, սակայն հանել է փախուստի հակված կալանավորների ցուցակից:

Ինչպես հաղորդել է Նավալնին իր Instagram- ի էջում, ինքը հրչավիրվել է հանձնաժողովի նիստի, որը միաձայն քվեարկել է նրա կարգավիճակը փոխելու օգտին:

45-ամյա ընդդիմադիրը ներկայումս երկուսուկես տարվա ազատազրկման պատիժ է կրում պայմանական վաղաժամկետ ազատման կանոնները խախտելու համար: Ինքը՝ Նավալնին դա որակում է որպես քաղաքական հետապնդում:

Իր նոր կարգավիճակի մասին Նավալնին կատակով նշում է, որ փախուստին հակված կալանավորների գրանցամատյանից հեռանալը նշանակում է, որ իր նկատմամբ կնվազեն ստուգումները և իրեն ավելի քիչ կարթնացնեն գիշերը:

«Պարզապես հիմա իմ մահճակալի վրա նշան կա, որ ես ահաբեկիչ եմ», - գրել է նա իր փաստաբանների օգնությամբ հրապարակած գրառման մեջ:

Ռուսական իշխանություններից պաշտոնական հաստատում դեռևս չի ստացվել: Քրեակատարողական դաշնային ծառայությունը ձեռնպահ է մնացել մեկնաբանություններից:

Facebook Forum

XS
SM
MD
LG