«Կանխարգելումը բուժում է». այսպիսի կարգախոսով է առաջնորդում իր հերթական ծրագիրը հայ-ամերիկյան «Մեդունի» բարեգործական հիմնադրամը, որի հիմնական առաքելությունն է քաղցկեղի դեմ պայքարում օգնությունը Հայաստանին: Վերջերս Հայաստանից վերադարձած հիմնադրամի նախագահ Վահագն Մարտիրոսյանը պատմում է այստեղ իրենց նոր նախաձեռնությունների մասին: Դրանցից է սքրինինգային ծրագիրը, որի իրագործումը կնպաստի Հայաստանում քաղցկեղի վաղ շրջանի ախտորոշմանը տարբեր թեստերի միջոցով:
«Հայաստանում քաղցկեղից մահացության բարձր ցուցանիշի հիմնական պատճառն այս հիվանդության ուշ ախտորոշումն է »,- նշում է Մարտիրոսյանը:
Հիմնադրամը Հայաստանում հաջողությամբ իրականցրեց սքրինինգային փորձնական մի ծրագիր, որի ընթացքում ախտորոշվեցին տասնյակ հիվանդներ: Այժմ հիմնադրամի նպատակը ծրագրի ընդլայնումն է ամբողջ երկրում, ուստի հիմնադրամը դրամահավաքներ է կազմակերպում Միացյալ Նահանգներում, որոնց ողջ հասույթը կուղղվի վերոհիշյալ սքրինինգային ծրագրի զարգացմանը:
Մոտ օրերս՝ հոկտեմբերի 8-ին Օհայոյի Ցինցինատի քաղաքի Ռենեսանս քոնֆերանս կենտրոնում կկայանա «Մեդունի» -ի գալա միջոցառումը «Կանխարգելումը բուժում է» կարգախոսի ներքո: Այն հովանավորում է կազմակերպության խորհրդի անդամ, իտալացի բժիշկ Ջենարո ԼաԲելլան, (Dr. Gennaro D. LaBella), ով Հայաստանում սքրինինգային ծրագրի ղեկավարն է:
«Այս տարի որոշվեց, որ միջոցառումը կկազմակերպվի դոկտոր ԼաԲելլայի հարազատ Ցինցինատի քաղաքում, և մենք հույս ունենք, որ հավաքված միջոցներով կկարողանանք Հայաստանում ապահովել 25 000 FIT թեստ ու 2500 անվճար կոլոնասկոպիա»,- ասում է Մարտիրոսյանը:
Մարտիրոսյանի խոսքերով ԱՄՆ-ում գործող «Մեդունի» բարեգործական հիմնադրամն այս վերջին շրջանում, բացի քաղցկեղի դեմ պայքարի ծրագրերից, ընդլայնել է իր գործունեության ասպարեզը՝ հաշվի առնելով Հայաստանում անցած տարի բռնկված կորոնավիրուսի համավարակն ու ղարաբաղյան պատերազմը, որոնք առաջ քաշեցին նոր կարիքներ և մարտահրավերներ: Համավարակի առաջին իսկ օրերից կազմակերպությունը լծվել է Հայաստանում հիվանդանոցներին տեխնիկական օժանդակություն ցուցաբերելու գործին՝ հիվանդանոցներին տրամադրելով շնչառական սարքեր, դիմակներ, ձեռնոցներ և բժշկական այլ պարագաներ:
«Երբ սկսվեց կորոնավիրուսը, մենք պետք է շեղվեինք մեր ավանդական առաքելությունից, քանի որ այդ պահին կարևոր էր օգնություն տրամադրել համաճարակի դեմ պայքարին: Առողջապահության ոլորտը Հայաստանում, ինչպես ամենուր, շատ ծանր հարված էր ստացել»,- պատմում է «Մեդունի»-ի նախագահը:
Բացի այդ, ըստ Մարտիրոսյանի, թե՛ ԼՂ պատերազմի օրերին, թե՛ դրանից հետո այս ուղղությամբ ևս հիմնադրամը իրականացրել է մի շարք ծրագրեր: Կազմակերպության ջանքերով պատերազմում զոհված զինծառայողների 15 անապահով ընտանիքներ ստացել են բնակարաններ: Հիմնադրամը “Eternal Nation” և “Armenian American Medical Association” կազմակերպությունների հետ համագործակցությամբ ներգրավվել է պրոտեզավորման և վերականգնողական բժշկության ծրագրերում:
«Քանի որ մենք չունեիքն համապատասխան փորձառություն այս ոլորտում, որոշեցինք համագործակցել այն կազմակերպությունների հետ, որոնք փորձառու և հմուտ են այս ասպարեզում»,-նշում է Մարտիրոսյանը:
Մարտիրոսյանն ընդգծում է Հայաստանում առողջապահության ոլորտի ու բժիշկների նկատմամբ վստահության մեծացման անհրաժեշտությունը, որը կօգնի նաև ժամանակին կանխել հիվանդությունների հետագա խորացումը վաղ ախտորոշման միջոցով: Այս հարցում մարդկանց հոգեբանության ու մոտեցման փոփոխության հետ մեկտեղ նա կարևորում է Հայաստանում բժշկական ապահովագրության զարգացումը:
Facebook Forum