Մատչելի հղումներ

Աֆղանստանում թալիբները կախաղան են բարձրացրել ենթադրյալ առեւանգողների մարմինները


Աֆղանստանի արևմտյան Հերաթ քաղաքում «Թալիբան» շարժման իշխանությունները սպանել են չորս ենթադրյալ առեւանգողների և նրանց մարմինները կախաղան հանել հանրության համար

Հերաթի նահանգապետի տեղակալ Շեր Ահմադ Ամմարն ասում է, որ այդ տղամարդիկ առեւանգել էին տեղի գործարարին եւ նրա որդուն ու մտադիր էին նրանց դուրս բերել քաղաքից, երբ նրանց հայտնաբերել էին քաղաքի հսկիչ անցակետերից մեկի պարեկները: Դրա մասին տեղեկացնում է Ռոյթերս գործակալությունը:

Առևանգողների ու պարեկների միջև սկսվել է փոխհրաձգություն, որի հետևանքով չորսն էլ զոհվել են, իսկ թալիբների մեկ զինյալ՝ վիրավորվել:

Նահանգապետը նշել է, որ սպանվածների մարմինները կախաղան են բարձրացվել գլխավոր հրապարակում ՝ որպես «դաս այլ առեւանգողների համար»: Նրա խոսքով, առեւանգման երկու զոհերն ազատ են արձակվել:

Կախաղան բարձրացված սպանվածների մարմինները ցուցադրող տեսանյութերը լայն տարածում գտան սոցիալական ցանցերում: Սպանված առևանգողներից մեկի կրծքին ամրացված էր «Սա պատիժ է առեւանգման համար» գրությունը:

Սպանվածների այլ մարմիններ չեն ցուցադրվել, սակայն սոցիալական ցանցերում տեղադրված գրառումները նշել են, որ մնացած մարմինները կախաղան են հանվել քաղաքի այլ հատվածներում:

Facebook Forum

XS
SM
MD
LG