Մատչելի հղումներ

Գերմանիան` նոր կանցլեր ընտրելու նախաշեմին


Գերմանացիները հաջորդ կիրակի օրն անցկացվելիք ընտրությունների արդյունքում ընտրելու են կանցլերի պաշտոնում Անգելա Մերքելին փոխարինող:

Մերքելի հեղինակությունը բարձր է եղել Եվրոպայում խաղաղության ու կայունության հարցում խաղացած մեծ դերի պատճառով, մի բան, ինչը չի կարելի ասել նրա կուսակցության մասին: Երկրորդ աշխարհամարտից ի վեր, առաջին անգամը լինելով, նրա Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության ցուցանիշը չի հասնում քսան տոկոսի: Ու եթե մյուս կուսակցություններին հաջողվի համագործակցել միմյանց հետ, Մերքելի կուսակցությունը կարող է զրկվել իշխանությունից:

Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության թեկնածու Արմին Լաշեթը փորձում է քվեներ ստանալ Մերքելի քաղաքականությունը շարունակելու խոստումներով: Շարունակ խոսում է կլիմայական փոփոխությունների դեմ պայքարի, արդյունաբերության, ուժեղ տնտեսության եւ ազգային անվտանգության մասին:

Եթե մարդիկ կարող են ընդունել այս խոսքերը, ապա այս մարդուն ընդունել չեն ուզում: Նրանք հիշում են, թե ինչպես էր Լաշեթը հուլիս ամսին ջրհեղեղից տուժած գոտի կատարած այցի ժամանակ ծիծաղում երկրի նախագահի ելույթի ընթացքում: Այդ օրից ի վեր Լաշեթի վարկանիշը բարձրանալ չի կարողանում:

Եվ հարցումների համաձայն, սոցիալ-դեմոկրատների թեկնածու, ժամանակավոր կառավարության ֆինանսների նախարար Օլաֆ Շոլցն է հավաքում նորանոր աջակիցներ: Նա հայտարարում է, որ կանցլեր ընտրվելու դեպքում ինքն ամենայն հավանականությամբ կոալիցիոն կառավարություն կկազմի կանաչների հետ:

Կանաչների կուսակցությունը, որի ղեկավարը Աննալենա Բաեւբոքն է, հարցումների համաձայն, երրորդ տեղում է, եւ համաձայն է մտնել այդ կոալիցիայի մեջ:

Ավելի փոքր կուսակցությունները, այդ թվում Ազատ դեմոկրատական կամ Ձախերի կուսակցությունը կարող են նույնպես տեղեր ստանալ կոալիցիայում: Սակայն գլխավոր երեք կուսակցությունները բացառում են ծայրահեղ աջթեւային Այլընտրանք` հանուն Գերմանիայի կուսակցության հետ համագործակցությունը, որն ի դեպ ունի ժողովրդի տասը տոկոսի աջակցությունը:

Գերմանացիները չեն կարծում, որ ընտրությունների արդյունքը շատ արագ կբերի փոփոխություններ: Միայն կոալիցիոին կառավարություն կազմելու համար կպահանջվի մի քանի ամիս: Այս ընթացքում վարչապետի պարտականությունները կշարունակի կատարել Մերքելը, մինչեւ մրցակից կուսակցությունները կգան նոր կանցերլի ընտրության հարցում համաձայնության:

XS
SM
MD
LG