Մատչելի հղումներ

ԱՄՆ կոնգրեսականների շնորհավորական ուղերձները՝ ՀՀ Անկախության 30-ամյակի կապակցությամբ


ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, Սենատոր Բոբ Մենենդեսը տեսաուղերձով շնորհավորել է Հայաստանի անկախության օրվա կապակցությամբ: Ուղերձում ասված է.


"Ինձ համար պատիվ է Հայաստանի անկախության 30-ամյակի կապակցությամբ ուղերձով դիմել Հայաստանի դեսպանությանը: Ես հասկանում եմ, որ այս ուղերձը հրապարակային է լինելու Հայաստանի ժողովրդի համար, ուստի կցանկանայի ուղիղ խոսել ձեզ հետ:

Ես կցանկանայի հղել իմ լավագույն բարեմաղթանքները, քանի որ դուք նշանավորում եք ձեր ազգի պատմության այս կարևոր հանգրվանը, որն առավել նշանակալից դարձավ հայերի այն սերունդների համար, ովքեր տենչում էին տեսնել անկախ Հայաստանի իրենց տեսլականի իրականացումը:

Դա երկար և դժվարին ճանապարհ է եղել Հայաստանի ժողովրդի համար, քանի որ պայքարել եք ազատության համար: Դուք առաջին անգամ համարձակորեն հաստատեցիք ձեր ինքնորոշման իրավունքը, երբ 1918թ. Հայկական ազգային խորհուրդը անկախություն հռչակեց, շատ չանցած, երբ հայերը միավորվեցին՝ դիմակայելու Օսմանյան կայսրության ոճրագործություններին:

Խորհրդային իշխանության տարիներին դուք հիշել եք այն գաղափաները, որոնց հիման վրա ստեղծել եք Հայաստանի Առաջին Հանրապետությունը․ գաղափարներ, որոնք եղել են որպես հույսի աղբյուր և որոնք կարող էին կրկին ապահովել ազատ և ժողովրդավարական հայրենիք ձեր ժողովրդի համար:

Այնուհետև, դուք ճնշող մեծամասնությամբ քվեարկեցիք Խորհրդային Միությունից անկախության օգտին 1991 թվականին՝ ստեղծելով ինքնիշխան պետություն, որի համար ես հպարտ եմ, որ այսօր կանգնած եմ ձեր կողմքին որպես գործընկեր և բարեկամ: Հայերը գիտակցում են այս պատմության կարևորությունը սեփական հայրենիք ունենալու երկարատև նպատակին հասնելու համար:

Ես նույնպես հավատում եմ մեր անցյալը գիտակցելու կարևորությունը, որպես ապագան հասցեագրելու միջոց: Այդ իսկ պատճառով ես երկար տարիներ պայքարել եմ Հայոց ցեղասպանության ճշմարտությունը ճանաչելու ուղղությամբ, հայ ժողովրդի պատմության մի հատված, որը ժխտել են այն իրականացնողների ժառանգները:

Ճշմարտությունը քողարկելու իմ որոշ գործընկերների բազմաթիվ փորձերը ես ի վերջո հաղթահարեցի Սենատում 2019թ․: Մենք ճանաչում ենք և այդ քայլով հարգում հայոց պատմության այս ողբերգական էջի զոհերին: Մենք հայտարարեցինք «Մենք հիշում ենք»: Ես ուրախացա, երբ նախագահ Բայդենը միացավ ինձ այս տարվա սկզբին, Հայոց հիշատակի օրը, ճանաչելով անցյալը:

Այստեղ ՝ Միացյալ Նահանգներում, մենք չափազանց բարձր ենք գնահատում ամերիկահայերի ներդրումը, որոնց հետ մենք միանում ենք՝ նշելու Հայաստանի Անկախության օրը:

Իմ հայրենի Նյու Ջերսի նահանգում մենք պատիվ ունենք ունենալ ամերիկահայ ուժեղ համայնք, որի ներդրումների համար ես անչափ շնորհակալ եմ: Միացյալ Նահանգները հարգում է ամերիկահայերի հզոր մասնակցությունը մեր հասարակության բոլոր ասպարեզներում և շահում է նրանց հարուստ մշակույթից:

Միացյալ Նահանգները գնահատում է իր հարաբերությունները Հայաստանի հետ, որը հիմնված է փոխադարձ հարգանքի և ընդհանուր գաղափարների վրա:

Անկախության այս օրը ես ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ ՝ հայ ժողովրդին, ձեր հարատև բարեկամության համար: Շնորհակալություն, Աստված օրհնի ձեզ և շնորհավոր անկախության տոնը":

Հայաստանի Հանրապետության Անկախության 30-ամյակի կապակցությամբ ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերի համանախագահ, կոնգրեսական Ջեքի Սփիրը տեսուղերձ է հղել: Ուղերձում ասված է.

"Գրեթե երկու տարի առաջ էր, երբ ես վերջին անգամ այցելեցի Հայաստան, և ես խորապես զգացված էի մեր հայրենիքում հայ ժողովրդի ջերմությունից, տոկունությունիցև հյուրընկալությունից: Ինձ հատկապես տպավորեցին այն պայծառ երիտասարդները, որոնց հանդիպեցի, և ովքեր, անկասկած, կգտնեն Հայաստանի հաջորդ էջը: Նրանք փայլուն, ոգեշնչող և ընդունակ են, և ես նրանցից մեծ բաներ եմ ակնկալում: Պետք է միայն նայել Հայաստանի խորհրդարանին, որտեղ 132 խորհրդարանականներից ավելի քան 1/3 -ը առաջին անգամ պետական պաշտոններ են զբաղեցնում։ Տեսնել երիտասարդ սերնդի աշխատասիրությունը՝ իրենց երկրի բարելավման համար․իսկապես տպավորիչ է։ Հայերը հասկանում են նաև, որ կանանց հավասարությունն ու նրանց կողմից ներդրումը, բանալին են խաղաղ և բարգավաճ ժողովրդավարության համար: Կանայք կազմում են Հայաստանի խորհրդարանի մոտ 25% -ը, իսկ կին թեկնածուների տոկոսը 2012 թ.-ից աճել է 17% -ով։ Փաստացի Հայաստանի սահմանադրությամբ ամրագրված է տղամարդկանց և կանանց գենդերային հավասարության երաշխիքը, մի բան, որը Միացյալ Նահանգները դեռ չունի իր սահմանադրությունում վավերացումից մոտ 233 տարի անց: Մենք Միացյալ Նահանգներում, անշուշտ, կարող ենք Հայաստանից մեկ-երկու բան սովորել ներկայացուցչական ժողովրդավարության մասին: Հայաստանի ժողովրդավարական առաջընթացն առավել ցայտուն է` հաշվի առնելով դրա առաջացման դժվարությունն ու ցավալի պատմությունը, ինչպես նաև անցյալ տարի Արցախում տեղի ունեցած ողբերգական պատերազմը: Անցյալ աշնանը տեղի ունեցած բռնությունները սարսափելի մարդկային կորուստների պատճառ դարձան և գրեթե 100,000 մարդու տեղահանեցին իրենց տներից:

Ես հպարտ էի, որ այս տարի առաջնորդեցի Ներկայացուցիչների պալատի ջանքերը` ներառելու 50 մլն ԱՄՆ դոլարի հատկացում Հայաստանին մարդասիրական օգնության համար` վերականգնմանն աջակցելու նպատակով և 2 մլն ԱՄՆ դոլար` Արցախում մարդասիրական ականազերծման ծրագրի ֆինանսավորման համար:

Այդ տարածաշրջանի մարդիկ արժանի են ապրել ու արարել՝ առանց ագրեսիայի և պատերազմի մահացու հետևանքների նկատմամբ վախի: Չնայած այս լուրջ սպառնալիքներին և մարտահրավերներին, հայ ժողովուրդը շարունակում է մեծ քայլեր կատարել ժողովրդավարության և օրենքի գերակայության ամրապնդման գործում: Հայաստանի առաջընթացը, որպես վկայություն իր ժողովրդի և առաջնորդների համար, ովքեր կարեկցանքով և վճռականությամբ առաջնորդել են նրան այս փոխակերպման ճանապարհով:

Շնորհավո՛ր Անկախությանդ օրը Հայաստան, ես նշելու եմ քեզ հետ և անհամբերությամբ սպասում եմ այն պահին, երբ նորից կվերադառնամ` մեր հիասքանչ երկրում հրաշալի հյուրընկալությունը զգալու համար:

Վստահ եմ, որ Հայաստանի ապագան պայծառ է, և միասին աշխատելով, մենք կարող ենք ապահովել խաղաղություն և բարգավաճում Հայաստանի և Միացյալ Նահանգների համար, քանի որ ավելի ենք ամրապնդում մեր անսասան կապը":

XS
SM
MD
LG