Մատչելի հղումներ

ԱՄՆ պետքարտուղարն ու Թուրքիայի արտգործնախարարը ՄԱԿ-ում երկար քննարկել են Լեռնային Ղարաբաղի հարցը


Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում մեկ ժամ տևողությամբ հանդիպում է ունեցել Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուի հետ:

Լրագրողների հետ ճեպազրույցում ԱՄՆ պետդեպարտամենտի բարձրաստիճան ներկայացուցիչը հայտնել է, որ զրույցի ընթացքում քննարկվել է իրադրությունը Լեռնային Ղարաբաղում:

"Բնականաբար, նրանք քննարկել են Աֆղանստանի հարցը, խոսել են Սիրիայի մասին: Բացի այդ, նրանք բավականին երկար զրույց են ունեցել Կովկասի՝ Հայաստանի, Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի մասին",- ասել է պետդեպարտամենտի ներկայացուցիչը:

Լրագրողի հարցին պատասխանելով նա նշել է, որ ԱՄՆ-ն մշտապես փորձել է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և հաշտեցման բանակցությունների հարցում: Պետդեպարտամենտի ներկայացուցիչը հիշեցրել է, որ ամերիկյան կողմի ներգրավվածությամբ է հնարավոր դարձել հայկական կողմից ականապատ որոշ տարածքների քարտեզների հանձնումն Ադրբեջանին, ինչի փոխարեն ադրբեջանական կողմն ազատ էր արձակել մի քանի հայ գերիների:

"Այժմ հարցը հետևյալն է՝ արդյո՞ք ԱՄՆ, Մինսկի խմբի անդամ այլ երկրների, Թուրքիայի աջակցությամբ մենք կարող ենք անել ավելին՝ նպաստելու այդ երկու երկրների միջև լարվածության թուլացմանը սահմանների երկայնքով՝ հաշվի առնելով մնացած գերիների ու ականների հարցերը, իսկ հետո օգնել նրանց ձեռնարկել փոքր քայլեր, որոնք կարող են ուղի հարթել դեպի ավելի մեծ խաղաղության ու հաշտեցման գործընթաց:

Պետքարտուղարը պարզաբանել է Թուրքիայի համար, որը մեծապես ներգրավված է այս հարցում և հարևան երկիր է, որ մենք պատրաստ ենք օգտակար լինել, եթե կարող ենք: Մենք նաև պետքարտուղարից ավելի ցածր մակարդակներում երկկողմ հարաբերություններ ենք ունենում այս շաբաթ հայերի ու ադրբեջանցիների հետ՝ նույն առաջարկ անելով այստեղ",- հավելել է նա:

XS
SM
MD
LG