Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի կոնգրեսականները սպառնում են նոր պատժամիջոցներ կիրառել ընդդեմ Թալիբանի


Աֆղանստանում Թալիբանի կառավարությանը ԱՄՆ-ի օրենսդիրները նախազգուշացնում են, որ Միացյալ Նահանգները կշարունակի պատժամիջոցներն ընդդեմ այս շարժման:

Ինչպես սենատոր Բոբ Մենենդեսն է ասել, ԱՄՆ-ը ու ՄԱԿ-ը պետք է պահպանեն արդեն իսկ գործող պատժամիջոցները, եւ ԱՄՆ-ը պետք է նաեւ վերսկսի այն պատժամիջոցները, որոնք հանվել էին Թալիբանի հետ բանակցությունների ընթացքում: Նրա խոսքերով, հարկավոր է ավելի խիստ միջոցներ կիրառել ընդդեմ Թալիբանի ու նրա ղեկավարների, քանի դեռ մարդասիրական օգնությունը չի հասնում աֆղանստանցիների ամենախոցելի հատվածին:

ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը խոստացել է 64 միլիոն դոլարի աջակցության նոր փաթեթ, որն ուղիղ հասցեագրված է ժողովրդին, այլ ոչ թե Թալիբանին:

Պատասխանելով օրենսդիրների հարցերին` Բլինքենն ասել է, թե ամենամեծ մտահոգությունը կապված է կանանց ու աղջիկների հետ: ‘’Եվ մենք կենտրոնանում ենք այդ հարցի վրա, վստահ լինելու համար, որ նրանց ուղղված օգնությունը հասնի ճիշտ հասցեատիրոջը’’, ասել է նա:

Ինչ վերաբերում է ԱՄՆ-ին օգնած հազարավոր աֆղանստանցիներին, որոնց նախապես խոստացել էին հատկացնել Աֆղանստանից հեռանալու համար հատուկ վիզաներ, ապա պետք է ասել, որ նրանց ճակատագիրը ներկա պահին մնում է անորոշ: Կոնգրեսականները Բայդենի վարչակազմին մեղադրում են այդ գործընթացը արագացնելու հարցում բավարար աշխատանք չիրականացնելու մեջ:

Հանրապետական սենատոր Ռոբ Փորթմանի խոսքերով, Աֆղանստանից տարհանվել է վտանգի տակ գտնվող 60 հազար աֆղանստանցիներից միայն 30 հազարը:

Չնայած Բլինքենը խոստացել էր նախապատվությունը տալ ԱՄՆ-ի Գլոբալ լրատվամիջոցների գործակալության համար աշխատած աֆղանստանցիներին, փաստն այն է, որ այս գործակալության մաս կազմող ‘’Ամերիկայի Ձայն’’-ի ու ‘’Ազատություն’’ ռադիոկայանի աշխատակիցները, որոնք սենատոր Քրիս Քունզի խոսքերով 550 հոգի են, իրենց ընտանիքների հետ պատսպարվում են Աֆղանստանի տարբեր վայրերում: Եվ նրա հարցին, թե արդյոք նրանց տարհանումը առաջնային հարց չէ, Բլինքենը պատասխանում է, ‘’իհարկե առաջնային հարց է’’:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների ուժերն Աֆղանստանից դուրս բերելուց հետո այս երկրից դուրս է բերվել 124 հազար մարդ` մեծ մասը աֆղանստանցիներ:

XS
SM
MD
LG