Մատչելի հղումներ

ԱՄՆ տեղափոխված աֆղանստանցիների կարգավիճակը, դժվարություններն ու երազանքը


Աֆղանստանում Թալիբանի իշխանության հաստատումից հետո հազարավոր աֆղաստանցիներ հեռացան հայրենիքից, որոնց մի մասը ժամանեց ԱՄՆ, այստեղ բնակություն հաստատելու համար: Սակայն նրանցից շատերն են այսօր նկատում, որ իրենց տրված է ժամանակավոր բնակության իրավունք, ինչը նշանակում է, որ չունեն այստեղ աշխատելու կամ դպրոց հաճախելու իրավունք:

Նրանցից Քամալը հայրենիքում շուտով դառնալու էր ատամնաբույժ: Այսօր նա ԱՄՆ-ում ունի ոչ թե փախստականի, այլ` պայմանական բնակության իրավունք:

Նրա նման հազարավոր աֆղանստանցիներ, որոնք ԱՄՆ-ում ունեն ԱՄՆ-ի քաղաքացի հարազատներ, ԱՄՆ ժամանալուց հետո ստացել են մարդասիրական պայմանական բնակության իրավունք, ինչը չի տալիս բժշկական ապահովագրություն, չի ապահովում նպաստով կամ սննդամթերքով: Նրանք չունեն նաեւ քաղաքացիության համար դիմելու իրավունք:

Փախստականների հարցերով ուսումնասիրությունների կենտրոնից Էնդրու Արթուրն ասում է, թե սա վտանգավոր մի երեւույթ է: ‘’Երբ մարդիկ չեն ունենում օգնության աղբյուր, հեշտությամբ են հայտնվում ստվերային տնտեսության մեջ, կամ էլ մտնում են հանցավոր աշխարհ’’, ասում է նա:

Այդ պատճառով Բայդենի վարչակազմը Կոնգրեսից պահանջում է 6 միլիարդ դոլար այս մարդկանց վերաբնակեցումը ճիշտ կազմակերպելու համար:

Ամերիկացիների մեծամասնությունը կողմ է, որ Աֆղանստանից փախած անձինք ստանան այստեղ մնալու իրավունք: Սակայն յուրաքանչյուր երեք ամերիկացուց երկուսը դեմ են, որ այս անձինք ստանան մշտական բնակության իրավունք: Եվ ինչպես հանրապետական սենատորներից Ռոն Ջոնսոնն է ասում, մինչեւ բնակության կարգավիճակ տալը պետք է մանրակրկիտ ուսումնասիրվի տվյալ անձի ինքնությունը: ‘’Չէ որ, ասում է նա, նրանցից շատերը կարող են լինել ահաբեկիչներ’’:

Իսկ ԱՄՆ տեղափոխված աֆղանստանցիների մեծ մասն այս ընթացքում պիտի դեռեւս սպասի, սպասի իր ապագայի համար որոշումների, այնպես, ինչպես 23 ամյա Քամալն է երազում այն օրվան, երբ մի օր իրեն կդիմեն ‘’բժիշկ Քամալ’’ բառերով:

XS
SM
MD
LG