Մատչելի հղումներ

Թալիբանը բանակցում է միջազգային համայնքի հետ


Թալիբանը բանակցություններ է անցկացնում միջազգային համայնքի հետ: Այս մասին հայտարարել է շարժման ղեկավարներից Կարի Սաեդ Խոսթին, ում խոսքերով, իրենք ‘’չեն գնա այնպիսի ճանապարհով, որը կտաներ դեպի պատժամիջոցներ’’:

‘’Մենք հավաստիացնում ենք, որ Իսլամական Էմիրության նախարարների խորհուրդն աշխատում է, որպեսզի արտաքին հարաբերություններում հաստատվեն առկա հարցերը լուծելու համար բնականոն բանակցություններ’’, ասել է նա:

Աֆղանստանի այս պաշտոնյայի հայտարարությունը հրապարակվեց այն ժամանակ, երբ ՄԱԿ-ը պատրաստվում էր Ժնեւում հրավիրել Աֆղանստանի համար ավելի քան 600 միլիոն դոլարի հատկացումներ իրականացնելու հարցով վեհաժողով: Այս քայլին ՄԱԿ-ը գնում է այս երկրում Թալիբանի իշխանությունը հաստատվելուց հետո առկա մարդասիրական ճգնաժամի պատճառով: Միջազգային այս կառույցի մարդու իրավունքների պաշտպանության բաժնի ղեկավարը քննադատել է Թալիբանին` իշխանությունը վերցնելուց հետո նախապես տրված խոստումները դրժելու համար: Խոսքը հատկապես կանանց կարգավիճակի մասին է:

Դեռեւս մինչեւ Թալիբանի կողմից երկրի վրա վերահսկողության սահմանումը, Աֆղանստանի բնակչության կեսը` մոտ 18 միլիոն մարդ կախյալ էր արտաքին օգնությունից: Այդ թիվն այսօր արագ աճում է երաշտի պատճառով:

Ժնեւում երկուշաբթի օրը սկսված վեհաժողովին մասնակցելու են ՄԱԿ-ի ամենաբարձրաստիճան պաշտոնյաները, այդ թվում գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեսը, Կարմի խաչ միջազգային կազմակերպության ղեկվավար Փիթեր Մաուրերը, ինչպես նաեւ տարբեր երկրների կառավարությունների ներկայացուցիչներ, այդ թվում Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հայկո Մաասը:

XS
SM
MD
LG