Աֆղանստանում անցած մի քանի շաբաթների ընթացքում շարունակվող բողոքի ցույցերին Թալիբանը տալիս է խիստ պատասխան, կիրառում հրազեն, մահակներ ու մտրակներ: Այն նաեւ ընդունել է չարտոնված հավաքներն արգելելու մասին որոշում: Հեռահաղորդակցության ընկերություններն էլ ստացել են որոշ շրջաններում հեռախոսային եւ ինտերնետային ցանցն անջատելու հրահանգ:
Այս առնչությամբ մտահոգություն է հայտնում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների բաժնի խոսնակ Ռավինա Շամդասանին: Նա հիշեցնում է ցույցերի ժամանակ մի քանի անձանց սպանության, մարդկանց դաժանաբար ծեծի ենթարկելու եւ ցույցերի մասնակիցներին դռնեդուռ որոնելու փաստերի մասին:
‘’Հարձակումների թիրախ են դարձել նաեւ լրագրողները: Ըստ մեր տեղեկությունների, սեպտեմբերի 7-ի ցույցերի ժամանակ ձերբակալվել է 14 լրագրող, որոնց մի մասին, մինչեւ ազատ թողները, ենթարկել են դաժան ծեծի’’, ասում է նա:
‘’Թալիբանն այժմ վերահսկում է Աֆղանստանի ամբողջ տարածքը, եւ մենք կոչ ենք անում նրանց հարգել մարդու իրավունքների պաշտպանության Աֆղանստանի կողմից ստորագրված միջազգային պարտավորությունները’’, ասված է ՄԱԿ-ի հայտարարության մեջ: