Մատչելի հղումներ

Եվրոպայում դիտարկում են Վաշինգտոնից ռազմական կախվածության նվազեցման հնարավորությունը


Եվրոպական մամուլում հնչում են կոչեր՝ Վաշինգտոնից ռազմական կախվածությունը նվազեցնելու վերաբերյալ, սակայն հետագա գործողությունների վերաբերյալ կոնսենսուս չկա

Չորս տարի առաջ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կոչ արեց Եվրոպային ստեղծել «ինքնավար լուծումների համար հնարավորություններ» անվտանգության ոլորտում:

Եվրոպացի առաջնորդների մեծ մասը Մակրոնի գաղափարին լուրջ չվերաբերվեցին:

«Մենք պետք է վերջ դնենք եվրոպական ռազմավարական ինքնավարության պատրանքին»,-ասել էր Գերմանիայի պաշտպանության նախարար Անեգրետ Կրամպ-Կարենբաուերը:

Սակայն Աֆղանստանից կոալիցիայի զորքերի դուրսբերումից հետո նրա դիրքորոշումը փոխվեց:

Անցյալ շաբաթ նա հայտարարեց, որ ժամանակն է «Եվրամիությունը դարձնել այնպիսի ուժ, ում հետ պետք է հաշվի նստել»:

Նա միակը չէ, ով վերաիմաստավորել է եվրոատլանտյան անվտանգության ապագան:

Եվրոպական հրապարակումները հագեցած են Վաշինգտոնից կախվածությունը նվազեցնելու օգտին կարծիքներով:

Եվրոպացի առաջնորդները դատապարտել են ԱՄՆ -ի զորքերի դուրսբերումը Աֆղանստանից՝ նախագահ Ջո Բայդենի հրամանով՝ այն որակելով շտապողական: Կա դժգոհություն, որ Վաշինգտոնը բավականաչափ խորհրդակցություն չի անցկացրել ՆԱՏՕ -ի դաշնակիցների հետ:

Նույնիսկ ամերիկամետ բրիտանացի քաղաքական գործիչ Թոնի Բլերը, ասել է, որ Մեծ Բրիտանիան պետք է ամրապնդի իր ռազմական գործընկերությունը Եվրոպայի հետ, քանի որ Միացյալ Նահանգները, նրա կարծիքով, այժմ ունի ռազմական միջամտության հարցում զգալի քաղաքական սահմանափակումներ:

Այնուամենայնիվ, Եվրոպայում չկա կոնսենսուս այն մասին, թե ինչպիսին պիտի լինի այդ ռազմավարական ինքնավարությունը:

Կենտրոնական Եվրոպայի առաջնորդները նյարդայնացած են Վաշինգտոնի հետ պաշտպանական կապերի թուլացման պատճառով և վստահ չեն, որ նրանք կարող են հույս դնել արևմտյան եվրոպացիների վրա Ռուսաստանի հետ առճակատման դեպքում:

Շատերը թերահավատորեն են մոտենում, թե Եվրոպան իսկապես պատրաստ է անհրաժեշտ ներդրումներ իրականացնել իր ռազմական անկախության համար:

Միջին հաշվով, ԵՄ երկրները պաշտպանության վրա ծախսում են իրենց ՀՆԱ -ի մոտ 1,2 տոկոսը: Ռուսաստանը ծախսում է 4,3 տոկոսը, իսկ ԱՄՆ -ը ՝ 3,4 տոկոսը:

Լոնդոնի Քինգի քոլեջի ռազմական հետազոտությունների պատվավոր պրոֆեսոր Լորենս Ֆրիդմանը ենթադրում է, որ եվրոպական ռազմավարական ինքնավարության մասին տրամադրությունները հապճեպ արձագանք է:

«Մշտապես առկա է գայթակղությունն առանձին աշխարհագրական իրադարձությունների ներքո անել աշխարհաքաղաքական եզրակացություններ, բայց դա սովորաբար անխոհեմ է, որքան էլ դրանք դրամատիկ և անհանգստացնող լինեն», - նշել է նա այս շաբաթ London Times-ի էջում:

«ԱՄՆ-ի հետ երկար դաշնակցային կապերին չի կարող խոչընդոտել Բայդենի վարչակազմի կողմից Աֆղանստանում առաքելության ոչ անթերի ավարտը», - հավելել է նա:

Որոշ դիվանագետներ ենթադրում են, որ ռազմավարական ինքնավարության մասին ներկայիս խոսակցությունները ժամանակի ընթացքում կմարեն:

«Այնուամենայնիվ, դեռ ժամանակ կպանջվի Արեւմուտքից, այս ձախողումից հետո սեփական վարկը վերականգնեու համար », - BBC- ին է ասել ԱՄՆ -ում և ԵՄ-ում Մեծ Բրիտանիայի նախկին դեսպան Կիմ Դարրոքը:

Facebook Forum

XS
SM
MD
LG