Մատչելի հղումներ

Երկրաշարժ ու ջրհեղեղ` Մեքսիկայում


Մեքսիկայում գրանցվել է 7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ: Երկրաշարժը երեքշաբթի օրը տեղի է ունեցել Գուերերո նահանգի Ակալուպկո առողջարանային քաղաքի մոտ: Նախնական տվյալներով, երկրաշարժին զոհ է գնացել մեկ մարդ: Ինչպես նահանգապետն է ասել, նշված մարդուն հարվածել է վայր ընկնող սյուներից մեկը:

Քաղաքի հյուրանոցների մոտ կայանված ավտոմեքենաները մեծապես են վնասվել հերթով ընկնող սյուներից: Փշրվել են շենքերի պատուհանների ապակիները:

Մայրաքաղաք Մեխիկոյում ճոճվել են էլեկտրասնուցման սյուներն ու շենքերը, ինչից հետո անջատվել է էլեկտրական հոսանքը:

Ինչպես նախագահ Մաունել Լոպեզ Օբրադորն է ասել, չկան մեծ ավերածությունների մասին լուրեր: Նրա խոսքերով, կան որոշ փլուզումներ, սակայն` փոքր չափերի: Վնասներ չեն կրել հարեւանությամբ գտնվող Օքսակա եւ Պուեբլա քաղաքները: Չկան ավերածություններ Մեխիկոյում:

Երկրի Ազգային քաղաքացիական պաշտպանությունը հայտարարել է, որ հետեւում է տասը նահանգներում իրադրությանը, եւ մինչ այժմ չի ստացել զոհերի կամ լուրջ ավերածությունների մասին տեղեկություններ:

Հիշեցնենք, որ Մեքսիկայում գրանցված ամենամահաբեր երկրաշարժը տեղի էր ունեցել Միչոաքանի ափերին 1985 թվականին` խլելով 10 հազար մարդու կյանք: Այն հասցրել էր աղետալի վնասներ ամբողջ տարածքում, ինչպես նաեւ` մայրաքաղաք Մեխիկոյում:

Մեքսիկայից ստացվող այլ հաղորդագրությունների համաձայն, Տուլա քաղաքի հիվանդանոցից տարհանում են հիվանդներին այստեղ սկսված ջրհեղեղների պատճառով: Աղետին արդեն զոհ է գնացել 17 հիվանդ, երբ ջուրը լցվել է հիվանդանոց:

Իշխանությունները հայտնում են, որ ջրի բարձր մակարդակը խաթարել է Հիդալգո նահանգի հիվանդանոցում էլեկտրասնուցումը, ինչի արդյունքում կանգ են առել թթվածնային թերապիայի բուժումները:

Տեղ են հասցվել ռազմական ուժեր, ինչպես նաեւ էլեկտրացանցերի մասնագետներ, որպեսզի հնարավորին չափ արագ վերականգնվեն այդ ծառայությունները:

XS
SM
MD
LG