Նախագահը խոստացել է դաշնային օգնություն և ազգային միասնության կոչ արել դեռևս սեպտեմբերի 3-ին, երբ ուղևրովել էր փոթորկից տուժած Լուիզիանա նահանգ: Այստեղ փոթորկին հաջորդել էին հորդառատ անձրևներ և մահացու ջրհեղեղ:
Երկուշաբթի օրը նախագահ Բայդենն աղետի գոտի հայտարարեց Նյու Ջերսի և Նյու Յորք նահանգների ամենատուժած շրջանները, ինչը թույլ կտա նահանգային իշխանություններին ֆինանսական օգնություն ստանալ դաշնային կառավարությունից: Նյու Ջերսիի վեց շրջանների և Նյու Յորքի հինգ շրջանների ընկերություններն ու անհատները կկարողանան ստանալ այդ օգնությունը:
Քայլելով Մանվիլի տուժած թաղամասերով՝ Բայդենը կանգ է առել և զրուցել փոթորկից ու ջրհեղեղից տուժած բնակիչների հետ: Նյու Ջերսիում նախագահն ընդգծել է կլիմայի փոփոխության գործոնը ավերիչ փոթորիկների հարցում, որոնք մեծ վնասներ են պատճառում պետությանն ու բնակչությանը, նշում է Ռոյթերս գործակալությունը:
«Տասնամյակներ շարունակ գիտնականները նախազգուշացրել են ծայրահեղ եղանակային պայմանների մասին, եւ որ դրանք կլինեն ավելի ծայրահեղ: Խոսքը կլիմայի փոփոխության մասին է: Մենք այժմ վերապրում ենք դա, և այլևս ժամանակ չունենք»,- ասել է նախագահ Բայդենը` անդրադառնալով գլոբալ տաքացման և կլիմայի փոփոխության խնդրին:
Նյու Ջերսիի նահանգապետ Ֆիլ Մերֆին հայտարարել է, որ վերականգման և վերակառուցման աշխատանքների համար անհրաժեշտ են հավանաբար «ամիսներ, այլ ոչ թե շաբաթներ»: Նա CNN- ի եթերում դրական որակումներ է տվել մահացու փոթորկի հարցում նախագահ Բայդենի արձագանքին:
Ջերսի Սիթիի քաղաքապետ Ստիվեն Ֆուլոպը հայտարարել է, որ քաղաքի ենթակառուցվածքներին հասցված վնասը գնահատվել է 35 մլն դոլար:
Նյու Յորքի նահանգապետ Քեթի Հոքլը հայտարարել է, որ փոթորիկը վնասել է իր նահանգի ավելի քան 1200 տուն և, ըստ նախնական հաշվարկների, գրեթե 50 մլն դոլարի վնաս հասցրել հանրային ենթակառուցվածքներին և գույքին:
Փոթորկի հետևանքով զոհվել է առնվազն 50 մարդ վեց նահանգներում, այդ թվում ՝ 27-ը Նյու Ջերսիում, 13 -ը՝ Նյու Յորքում:
Facebook Forum