Մատչելի հղումներ

Թալիբանը հայտարարում է ամբողջ Աֆղանստանի տարածքում իր վերահսկողությունը հաստատելու մասին


Թալիբան շարժումը երկուշաբթի օրը հայտարարեց Աֆղանստանում իրենց տիրապետությունից դուրս մնացած վերջին գավառը` Փանջշիրը գրավելու մասին ու համացանցում տեղադրեց կառավարության շենքի գագաթին իրենց դրոշը տեղադրելու մասին տեսագրություն: Թալիբանի խոսնակն ասել է, թե այս գավառն առնելով, իրենք այսուհետ վերահսկում են ամբողջ երկրի տարածքը:

Թալիբանի դեմ մարտնչած դիմադրության ուժերի հրամանատար Ահմադ Մասուդը Թվիթերի միջոցով հայտնել է, որ ինքն ապահով վայրում է գտնվում: Ըստ Թալիբանի հայտարարությունների, նա փախուստի է դիմել դեպի հարեւան Տաջիկստան:

Թալիբանը փորձում է հավաստիացնել, որ Փանջշիրի բնակիչները, որոնք էթնիկապես տարբերվում են Թալիբանը ներկայացնող փաշթուներից եւ դեռեւս 1996-ից մինչեւ 2001 թվականը պայքարել ու մարտեր են մղել ընդդեմ թալիբների իշխանության, չեն ենթարկվելու խտրականության:

Թալիբանի խոսնակն ասել է, թե իրենք հերքում են այն լուրերը, որոնց համաձայն Թալիբանի ներսում կան կառավարություն կազմելու հարցում տարաձայնություններ: Նրա խոսքերով, նոր կառավարության մասին կհայտարարվի շուտով: Նա ասել է նաեւ, թե առողջապահության եւ կրթության բաժիններում կանայք վերադարձել են իրենց աշխատանքին: Հիշեցնենք, որ մինչեւ քսան տարի առաջ ամերիկյան ուժերի մասնակցությամբ իշխանությունից վտարվելը, թալիբները կառավարման հինգ տարիների ընթացքում արգելել էին աղջիկների ու կանանց կրթությունը:

XS
SM
MD
LG