Նյու Յորք եւ Նյու Ջերզի նահանգներին հարվածած Այդա ծովամրրիկն արդեն իսկ խլել է մարդկային առնվազն 45 կյանք: Եվ մահացությունների թիվն այստեղ շարունակում է աճել, երբ ծովամրրիկը ցույց չի տալիս նահանջի նշաններ, հարուցում է նոր ավերածություններ ու դառնում ջրհեղեղների պատճառ:
Նյու Յորքի քաղաքագլուխ Բիլ դե Բլասիոյի խոսքերով, նախորդ գիշեր այստեղ տեղի է ունեցել այնպիսի սարսափելի արհավիրք, ինչիպիսին այստեղ չէր եղել երբեք: ‘’Նյույորքցիների վճարած գինը սարսափելի մեծ է ու ողբերգական’’, ասել է նա:
Նյու Յորք քաղաքում զոհերի մեծ մասը նրանք են, ովքեր, բնակվելով նկուղներում, խեղդվել են ջրհեղեղի ջրերից: Մարդիկ սարսափած են, սակայն մյուս կողմից` ուրախ, որ իրենք փրկվել են:
Մարդկանց խեղդվելու մասին տեղեկություններ են ստացվել նաեւ Նյու Ջերզի եւ Փենսիլվանիա նահանգներից: Չնայած Եղանակի տեսության ազգային կենտրոնի նախազգուշացումներին, փոթորկի նման ծավալներն անսպասելի են եղել մարդկանց մեծ մասի համար:
Այդա ծովամրրիկը հարվածել է նաեւ Լուիզիանա նահանգին, նահանգ, որը տասնվեց տարի առաջ մեծապես էր ավերվել Քաթրինա ծովամրրկի արդյունքում:
Ինչպես նախագահ Ջո Բայդենն է ասել, Լուիզիանայի և Միսսիսիպիի բնակիչները տոկուն են և հնարամիտ: ‘’Մենք կանգնելու ենք ձեր կողքին այս իրավիճակից դուրս գալու եւ ավերածությունները վերականգնելու համար’’, ասել է նա:
ԱՄՆ-ի արեւելյան ափերին հարվածած ավերիչ աղետը մեկ անգամ եւս վեր է հանում այն հարցադրումը, թե արդյոք մենք պատրաստ ենք կլիմայական փոփոխության պատճառով ավելի ու ավելի ուժգնացող բնական աղետներին, թե ոչ: