Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի այցը Վաշինգտոն եւ հանդիպումը ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի հետ երկու երկրների ղեկավարների միջեւ երկար սպասված հանդիպում էր: Այն փաստը, որ Զելենսկին մեկ տարի առաջ հրաժարվեց ենթարկվել Բայդենի ու նրա որդու դեմ հետաքննություն սկսելու Դոնալդ Թրամփի ճնշումներին, ավելի լայն հնարավորություն է տալիս երկու երկրների միջեւ կապերը սերտացնելու համար: Եվ այժմ Զելենսկին Բայդենին է դիմում իր ամենամեծ խնդրանքով` աջակցել Ուկրաինային ՆԱՏՕ-ին արագ անդամակցելու հարցում, օգնել լուծելու Դոնբասի շրջանի խնդիրը եւ ազատ արձակելու այստեղ գերեւարված մի քանի հարյուր անձանց:
Սպիտակ տունը հստակ կերպով է հայտարարում, որ պաշտպանում է Ուկրաինայի ինքնիշխանությունը եւ տարածքային ամբողջականությունը: Բայդենն էլ հայտարարում է հակատանկային հրթիռներ ձեռք բերելու համար 60 միլիոն դոլարի հատկացումներ կատարելու մասին:
ԱՄՆ-Ուկրաինա հարաբերությունները բարձր մակարդակի վրա են եղել 1991 թվականին Ուկրաինայի անկախանալուց ի վեր: Այդ ժամանակներից մինչեւ այսօր ԱՄՆ-ը Ուկրաինայում ունեցել է ինը դեսպան:
Ինչպես նրանցից Ստիվըն Փայֆերն է ասում, այն ժամանակվա նախագահ Կուչման խոսում էր բազմավեկտոր քաղաքականության մասին, նկատի ունենալով ԱՄՆ-ի, Եվրոպայի եւ Ռուսաստանի հետ ամուր կապերի հաստատումը: ‘’Սակայն այն ժամանակ Ռուսաստանի նախագահը Պուտինը չէր: Բորիս Ելցինը, չնայած թույլ տրված սխալներին, ճանաչում էր Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունն ու անկախությունը’’, ասում է նա:
2003-2006 թվականներին ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնը զբաղեցրած Ջոն Հերբսթն ասում է, թե Ուկրաինայի հետ դրական հարաբերությունները փոխվեցին` կապված այստեղ կոռուպցիայի աճի հետ: Եվ 2004 թվականին Նարնջագույն հեղափոխությունն այստեղ սկսվեց նախագահական ընտրություններում վարչապետ Վիկտոր Յանուկովիչի օգտին իրականացված բացահայտ խախտումների դեմ բողոքելով: Եվ դեսպանի գործը դարձավ ցուցարարների դեմ բռնությունները կանխելու պայքարը:
Հեղափոխությունից հետո Արեւմուտքը մեծապես էր տպավորվել Ուկրաինայում ժողովրդավարության զարգացման փաստով: Այս մասին է ասում ԱՄՆ-ի նախկին դեսպան Ուիլյամ Թեյլորը, որը 2006 թվականին ժամանել էր այստեղ, երբ նախագահ Վիկտոր Յուշչենկոն ու վարչապետ Տիմոշենկոն պատրաստվում էին սկսել միասնական աշխատանք:
Երեք նախկին դեսպաններն էլ այսօր ընդհանուր առմամբ դրական են համարում Ուկրաինայի անցած վերջին երեսուն տարիները:
Նրանց խոսքերով, ավելի ավտորիտար նախագահներից իշխանությունը ժամանակի ընթացքում անցավ ժողովրդավարական սկզբունքներ կրողներին: ‘’Ավելի ակտիվ քաղաքացիական հասարակություն է առկա այստեղ’’, ասում են նախկին դեսպանները:
Այսօր, երբ Ուկրաինան ունի մեծ խնդիրներ Ռուսաստանի հետ, այն շարունակում է ամրապնդել իր անկախությունը եւ բարձրացնել իր դերը միջազգային հարցերում: