Մատչելի հղումներ

Հայ և ադրբեջանցի փորձագետները՝ պատերազմի ընթացքում իրենց երկրների ԶԼՄների քարոզչության մասին


Կովկասյան հրատարակության՝ «Հակամարտությունների վերափոխման» հանդեսի հերթական վեբինարը հայ և ադրբեջանցի մասնագետների մասնակցությամբ նվիրված է ԼՂ հակամարտությանն ու մամուլի եւ սոցցանցերի դերակատարությանը

Պատերազմների փառաբանումը ընդունված երևույթ է Հայաստանի ու Ադրբեջանի հանրության շրջանում, որն իր արտացոլումն է գտել նաև ղարաբաղյան պատերազմի ընթացքում, նշում է լրագրող Արեն Մելիքյանը Կովկասյան հրատարակության՝ «Հակամարտությունների վերափոխման» հանդեսի հերթական վեբինարի ընթացքում՝ նվիրված ԼՂ հակամարտությանն ու մամուլի դերակատարությանը:

Վերլուծաբան Ֆիլիպ Գամաղելյանը համակարծիք է՝ կողմերի հանրային շրջանակներում չափազանց պոպուլյար է պատերազմի հռետորաբանությունը, իսկ խաղաղասեր ու խաղաղարար գործունեությունը շարունակաբար ենթարկվում է հարձակումների երկու կողմում:

՛՛Բոլոր հետազոտությունները ցույց են տալիս, որ պատերազմի կողմնակից տրամադրվածությունը մեծապեսն տարածված է, իսկ այն ամենը, ինչը խոսում է խաղաղության կամ կարգավորման կամ պատերազմը դադարեցնելու փորձի մասին, չի վայելում աջակցություն ՛՛,- նշել է Գամաղելյանը:

Մելիքյանի կարծիքով գրեթե բոլոր հայկական և ադրբեջանական ԶԼՄները բացառել են որևէ այլընտրանքային ճշմարտության տրամադրում՝առաջնորդվելով զգալի չափով կարծրատիպերով և կլիշեներով: Որևէ շեղում մեյնսթրիմից դեպի այլընտրանքային մոտեցում ընկալվում է որպես հակառակ կողմին օժանդակություն կամ դավաճանություն և քննադատելի է հանրային լայն շրջանակների կողմից: Խնդիրը նրանում է, որ բացակայում է այն ընկալումը, որ այստեղ չկա մեկ ճշմարտություն, շեշտում է լրագրողը:

՛՛Լուսաբանելով խնդիրները` լրատվամիջոցները ինքնին դարձել են նույն խնդրի մի մաս: Այն ատելությունը, որով ողողված էր մամուլն այդ օրերին, իր ազդեցությունն է թողել հանրության վրա, թե՛ Հայաստանում, թե՛ Ադրբեջանում ՛՛,- գտնում է Մելիքյանը:

Վերլուծաբանները փաստում են՝ այն խնդիրները, որոնք կարևոր են հակամարտության մի կողմի հանրության համար, չեն ներկայացնում որևէ հետաքրքրություն մյուս կողմում: Ադրբեջանցի անկախ փորձագետ Աֆագ Նադիրլին, հենվելով 2019-2021թթ. ընթացքում սոցցանցերում հայ և ադրբեջանցի օգտատերերի էջերի հետազոտության արդյունքների վրա, վստահեցնում է՝ հայկական և ադրբեջանական մամուլում ու սոցցանցերում արծարծվող թեմաները շատ տարբեր են, ատելության հռետորաբանության մակարդակը՝ ոչ այդքան բարձր, որը հատկապես արտահայտվում է կարևոր իրադարձությունների ժամանակ, օրինակ հակամարտող կողմերի ներկայացուցիչների հանդիպման պահին:

''2021թ. սկզբի դրությամբ հայկական սոցցանցերում ամենաքննարկվող հարցերից էր ռազմագերիների և կալանավորվածների հարցն այն դեպքում, երբ նույն թեման գրեթե չէր քննարկվում ադրբեջանական սեգմենտում: Մեկ այլ դեպքում էլ ներքին տեղահանվածների խնդիրն ադրբեջանական սոցմամուլի օգտատերերի շրջանում կարևոր հարց էր, սակայն Ադրբեջանում ներքին տեղահանվածների խնդիրը գրեթե չէր շոշափվել հայկական սոցցանցերում կամ մամուլում՛՛,- նշում է փորձագետը:

Աֆագ Նադիրլին պնդում է, որ սոցցանցերում քննարկվող խնդիրների բնույթը փոխվեց 44-օրյա պատերազմից հետո: Այս տեսակետը կիսում է կոնֆլիկտաբան, փորձագետ Մարգարիտա Թադևոսյանը, ով ուսումնասիրել է հայկական սոցմամուլի բովանդակությունը վերջին ժամանակահատվածում: Ըստ Թադևոսյանի՝ նոյեմբերյան զինադադարից հետո հայկական սոցցանցերը մեծապես կենտրոնացել են ռազմագերիների, ԼՂ-ում և նրա շուրջ հայկական մշակությային ժառանգության և մարդու իրավունքների հարցերի վրա:

Կոնֆլիկտաբանի կարծիքով երկու հանրություններում էլ բացակայում են խաղաղության մասին քննարկումները, քանի որ խաղաղությունն ու հաշտեցումն այստեղ հավասարեցվում են զիջումների ու կորստի հետ:

՛՛Քաղաքական և հանրային դիսկուրսներում երբեք խոսք չի գնացել դրա մասին, ուստի մարդկանց համար շատ դժվար է ընկալել, թե ինչ են նշանակում այդ եզրույթները՛՛,- ասում է Թադևոսյանը:

Վերլուծաբանները ընդգծում են` պատերազմի օրերին երկու կողմերի լրատվամիջոցները լրատվության տրամադրման իրենց հիմնական գործառույթի փոխարեն զբաղվել են քարոզչությամբ: Շատ է օգտագործվել ապատեղակատվությունը: Լրագրող Դուրնա Սաֆարովան, ով ուսումնասիրել է Ադրբեջանում պատերազմի օրերին մամուլի գործունեությունը, նշում է, որ օրինակ, ըստ հրապարակված հետազոտությունների, ԼՂ հակամարտության վերաբերյալ տարածված լուսանկարների մոտ 70 տոկոսը չի վերաբերվել ԼՂ-ին, այլ վերցված է եղել այլ տարածաշրջաններից: Սաֆարովան առաջարկում է խրախուսել հայ և ադրբեջանցի լրագրողների միասնական նախագծերի իրականացմանը, օրինակ, ճշգրտված փաստերի հիման վրա համատեղ հոդվածների հրապարակումը, որը կնպաստի հանրային երկխոսությանն ու վստահության բարձրացմանը:

Facebook Forum

XS
SM
MD
LG