Մատչելի հղումներ

Աֆղանստանի պատերազմի ավարտով ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությունը այսուհետ կհամապատասխանի ԱՄՆ-ի ազգային շահերին


Նախագահ Ջո Բայդենն Աֆղանստանից իր վարչակազմի քաոսային տարհանման վերաբերյալ սուր քննադատության պայմաններում երեքշաբթի օրը դիմեց ժողովրդին և պաշտպանեց իր որոշման իրականացումը, որով ավարտեց Ամերիկայի ամենաերկար պատերազմը

Քաբուլի փողոցներում Թալիբները տոնում են Աֆղանստանից ամերիկյան զորքերի ամբողջական դուրսբերումը ամերիկյան վերջին ինքնաթիռների հեռանալուց հետո:

Երեքշաբթի օրն Ամերիկայի ամենաերկար պատերազմի ավարտի մասին ազդարարեց ԱՄՆ-ի բանակի գերագույն հրամանատար, նախագահ Ջո ԲԱյդենը, ով իր ելույթում շեշտում է, որ մտադիր չէր ընդմիշտ երկարաձգել այս պատերազմն ու ԱՄՆ-ի զորքերի դուրսբերումը: Նախագահ Բայդենը կրկին խոսեց ամերիկյան չորս նախագահների օրոք 20 տարի տևած պատերազմի դադարեցման իր դրդապատճառների մասին:

«Մեզ հարկավոր էր մի պարզ որոշում կայացնել. կա՛մ հետևել վերջին վարչակազմի ստանձնած պարտավորությանը և հեռանալ Աֆղանստանից, կա՛մ չհեռանալ, և ևս տասնյակ հազարավոր նոր զորքեր տրամադրել՛ շարունակելով այս պատերազմը: Ընտրությունը հեռանալու կամ լարվածության աճի միջև էր»,- նշեց է նախագահը:

Անցյալ շաբաթ Քաբուլում տեղի ունեցան մահապարտ ահաբեկիչների հարձակումներ, որի համար պատասխանատու է Իսլամական պետություն խմբավորման մասնիկ հանդիսացող ՛՛Խորասանի ցանց՛՛ զինյալ խմբավորումը, որը գործում է Կենտրոնական և Հարավային Ասիայում: Հարձակումները խլեցին 13 ամերիկացի զինծառայողների և ավելի քան 150 աֆղանստանցիների կյանք, որն ավելի շատ քննադատության տեղիք տվեց դուրսբերման հարցում:

Սակայն որոշ վերլուծաբաններ ճիշտ են գնահատում Բայդենի՝ այժմ պատերազմն ավարտելու մասին որոշումը:

«Երկարաժամկետ հեռանկարում, կարծում եմ, դուրսբերումը ավելի շատ նման կլինի Վիետնամից դուրս գալուն. կարճաժամկետում՝ վնաս, բայց երկարաժամկետ հեռանկարում՝ ճանապարհ դեպի ռազմավարական առաջնահերթությունների վերանայում, ամերիկյան արտաքին քաղաքականության վերակենտրոնացում, ներդրումներ սեփական տնտեսության, այլ ոչ այլ երկրների տնտեսության մեջ»,- ասում է Չարլզ Քուփչանը Council on Foreign Relations հաստատությունից:

Ամերիկյան ուժերի հեռանալը ուղեկցվեց քաոսային տեսարաններով, քանի որ աֆղանստանցիները, վախենալով թալիբների վերադարձից, տարհանվելու հույսով շտապեցին օդանավակայան:

Վարչակազմը խոստացել է երկրից դուրս հանել Աֆղանստանում դեռևս մնացած մոտ 200 ամերիկացիների: Քննադատները, սակայն, նշում են, որպատերազմի ժամանակ ամերիկացիներին օգնություն ցուցաբերած հազարավոր աֆղանստանցիներ ևս մնացել են այնտեղ ու այժմ խուճապի մեջ են:

Աֆղանստանում ՆԱՏՕ -ի ներկայացուցչի նախկին տեղակալ Մարկ Յակոբսոնի կարծիքով խնդիրը այնտեղ վարվող քաոսային քաղաքականության մեջ էր: Նա քննադատեց պետքարտուղարությանը ոչ հստակ ուղենիշներ տրամադրելու հարցում այն մասին, թե որ խմբերն են տարհանվում առաջին հերթին:

Այդ կապակցությամբ պատասխանելով «Ամերիկայի ձայնի» հարցին՝ Սպիտակ տան մամլո քարտուղար Ջեն Փսակին հերքեց այդ մեղադրանքները՝ ընդգծելով, որ այս ընթացքում տարհանվել է 117 հազար մարդ, որոնցից շատերը՝ աֆղանստանցիներ, ովքեր չունեն ամերիկյան քաղաքացիություն:

Աֆղանստանի պատերազմի ավարտից հետո Բայդենը խոստացավ, որ առավել չափով կհամապատասխանեցնի ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությունը երկրի ազգային շահերին, ներառյալ անվտանգության ոլորտում՝ ամերիկացիների անվտանգությունը ապահովելու համար:

Facebook Forum

XS
SM
MD
LG