Մատչելի հղումներ

ԱՄՆ-ը կարող է Աֆղանստանում շարունակել տարհանման գործողությունները նաեւ վերջնաժամկետից հետո


ԱՄՆ-ը խոստանում է շարունակել բոլոր ամերիկացիների ու վտանգի տակ հայտնված աֆղանստանցիների դուրսբերման աշխատանքները ‘’մինչեւ վերջ’’, հակառակ օդանավակայանի դեմ աճող վտանգներին ու վերջին հարձակումներին:

Պենտագոնի պաշտոնատար անձինք ասում են, թե չունեն ԱՄՆ-ի ռազմական օդհանման այս ամենածավալուն աշխատանքները դադարեցնելու մտադրություն, եթե նույնիսկ անցնի օգոստոսի 31-ի վերջնաժամկետը, ինչին արդեն ոչ թե օրեր, այլ հաշվված ժամեր են մնացել:

‘’Օդանավակայանը շարունակելու է գործել մինչեւ մեր վերջին թռիչքը’’, հայտարարել է բանակի հրամանատար, գեներալ մայոր Ուիլյամ Թեյլորը:

Սպիտակ տան համաձայն, մինչեւ երկուշաբթի օրն առավոտ Աֆղանստանից տարհանվել է 116,700 մարդ, այդ թվում ավելի քան 5000 ամերիկացիներ այն օրից ի վեր, երբ Թալիբան շարժման զինյալները մուտք գործեցին մայրաքաղաք Քաբուլ:

Վերջին ժամերի ընթացքում չի գրանցվել որեւէ թռիչքի հետաձգում, եւ տարհանման աշխատանքները շարունակվում են սահուն կերպով, չնայած օդանավակայանի դեմ նախորդ գիշեր հրթիռային հարձակման փորձերին: Արձակված հրթիռներից երեքը շատ հեռու են ընկել թռիչքուղուց, չորրորդն ընկել է առանց որեւէ վնաս հասցնելու, հինգերորդը ոչնչացվել է ԱՄՆ-ի հակաօդային ուժերի պաշտպանական համակարգի միջոցով: Այս հարձակումների պատասխանատվությունը եւս իր վրա է վերցրել Իսլամական պետություն-Խորասան ծայրահեղական խմբավորումը: Նախագահ Ջո Բայդենն արձակել է տեղում գտնվող զինվորականների անվտանգությունն ապահովելու հարցում ավելի ընդգրկուն գործողություններ սկսելու նոր հրահանգ:

XS
SM
MD
LG