Մատչելի հղումներ

Բայդենը Սպիտակ տանը շուտով կընդունի Ուկրաինայի նախագահ Զելենսկիին


Շուտով կմեկնարկի Ուկրաինայի նախագահի այցը ԱՄՆ: Վոլոդիմեր Զելենսկին չորեքշաբթի օրը կայցելի Սպիտակ տուն

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմեր Զելենսկին երկու տարի է սպասում է Սպիտակ տուն այցելելու հրավերին: Եվ վերջապես, այդ հրավերը դառնում է իրականություն: Մոտ օրերս նախագահ Բայդենը Ուկրաինայի նախագահի հետ կհանդիպի դեմ առ դեմ Վաշինգտոնում:

ԱՄՆ -ում Ուկրաինայի դեսպան Օքսանա Մակարովան սա կարևոր ուղերձ է որակում ԱՄՆ -ի և Ուկրաինայի հարաբերություններում:

«Կանցլեր Մերկելից հետո նախագահ Զելենսկին երկրորդ առաջնորդն է, ով ԱՄՆ-ի կողմից հրավեր է ստանում այցելել Սպիտակ տուն ՝որոշ ռազմավարական հարցեր քննարկելու համար: Այնպես որ, ես հավատացած եմ, որ դա ի ցույց է դնում մեր երկկողմ հարաբերությունների կարևորության մակարդակը ինչպես Ուկրաինայի, այնպես էլ Միացյալ Նահանգների համար»,- հայտարարել է դեսպանը:

Ուկրաինայում ԱՄՆ նախկին դեսպան Սթիվեն Փայֆերն ասում է, որ հանդիպման արդյունքը մեծապես կախված է Վոլոդիմեր Զելենսկիից:

«Ինձ թվում է, այս հանդպման հաջողված լինելը մասամբ կախված է Զելինսկիից, նա չպետք է խնդրի ավելին, քան կարող է իրատեսորեն ակնկալել»,- նշում է նախկին դեսպանը:

Առավել զգայուն թեմաներից է Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ -ին և Ռուսաստանի «Հյուսիսային հոսք 2» գազատարին հակազդելու խնդիրը:

«Նա չպետք է ակնկալի ԱՄՆ -ից որևէ պարտավորության ստանձնում Ուկրաինայի և ՆԱՏՕ -ի վերաբերյալ: Նա նաև չպետք է ակնկալի որևէ փոփոխություն Բայդենի դիրքորոշման մեջ «Հյուսիսային հոսք 2» հարցում»,- նշում է Հերբսթը:

Ուկրաինայի հակակոռուպցիոն գործողությունների կենտրոնի գործադիր տնօրեն Դարիա Կալենյուկը կարծում է, որ նախագահ Զելենսկին պետք է հաստատակամ մնա «Հյուսիսային հոսք 2» -ի հարցը քննարկելիս: Նա նշում է, որ «Հյուսիսային հոսք 2» -ի նկատմամբ պատժամիջոցներից հրաժարվելու Սպիտակ տան որոշումը հակասում է նախագահ Բայդենի հայտարարություններին կոռուպցիայի դեմ պայքարի վերաբերյալ:

«Ճիշտ կլինի խոսել ոչ միայն Ուկրաինայում կոռուպցիայի, այլև աշխարհաքաղաքական և ռազմավարական կոռուպցիայի մասին: Մենք կարող ենք և պետք է հարցնենք, թե ինչու է ավարտին հասցվում «Հյուսիսային հոսք 2» -ը, երբ այն իրենից ներկայացնում է ռազմավարական կոռուպցիայի խորհրդանիշ»,- ընդգծում է Կալենյուկը:

Մեկ այլ կարևոր խնդիրներից է անվտանգության ոլորտում համագործակցությունը: Սպիտակ տունը որոշում է կայացրել աջակցել Ուկրաինային լրացուցիչ ռազմական օգնության տրամադրմանը՝ Ռուսաստանի կողմից հակամարտության հնարավոր էսկալացիայի դեպքում:

Դա կարող է տեղի ունենալ սեպտեմբերին Ռուսաստանի և Բելառուսի տարածքում զորավարժությունների ժամանակ:

«Այսպիսով, ես կարծում եմ, որ ամերիկյան լրացուցիչ ռազմական օգնությունը առաջնահերթ է, քանի որ այն կօգնի բարելավել ուկրաինացիների պաշտպանունակությունը: Դա գործնական քայլն է: Երկրորդ հերթին, այն կդառնա Ուկրաինային ամերիկյան աջակցության հզոր ուղերձ հղելու միջոց»,- ասում է Սթիվեն Փայֆերը:

Միևնույն ժամանակ, Սպիտակ տունը բազմիցս ընդգծել է, որ Բայդենի վարչակազմն ակնկալում է, որ Ուկրաինան շոշափելի արդյունքներ կգրանցի կոռուպցիայի դեմ պայքարում:

Ուկրաինայում ԱՄՆ նախկին դեսպան Փայֆերը կարևորում է, որ նախագահ Զելենսկին ցուցաբերի արժանահավատ և համոզիչ հանձնառություն բարեփոխումների իրականացման հարցում: Ըստ նախկին դեսպանի՝ դա նշանակում է ավելի բաց ու մրցունակ տնտեսություն, օրենքի գերակայություն, դատաիրավական ոլորտի բարեփոխումներ, օլիգարխների ազդեցության նվազում և պայքար կոռուպցիայի դեմ:

Ուկրաինացի դիվանագետները նշում են, որ նախագահ Զելենսկիի այցը Սպիտակ տուն գործընթացի միայն սկիզբն է: Նրանք ակնկալում են, որ երկկողմ հարաբերություններն ավելի կզարգանան, քանի որ երկու երկրները քրտնաջան աշխատում են իրենց պայմանավորվածությունների կատարման ուղղությամբ:

Facebook Forum

XS
SM
MD
LG