Ուրբաթ օրվա տվյալներով, Քաբուլի օդանավակայանից դուրս մահապարտ ահաբեկիչների կողմից իրականացված պայթյունի արդյունքում զոհերի թիվը հասել է 90-ի, որոնցից 13-ն ամերիկացի զինվորականներ են: Պայթյունը տեղի է ունեցել այն հերթի մեջ, որտեղ մարդիկ սպասում էին երկրից փախուստի դիմելու համար:
Ելույթ ունենալով Սպիտակ տնից` Բայդենն իր խոսքն ուղղեց Ամերիկայի ժողովրդին ու հայտարարեց. ‘’Նրանք, ովքեր իրականացրին այս հարձակումը, նրանք, ովքեր ցանկանում են վնաս հասցնել Ամերիկային, պիտի իմանան հետեւյալը. Մենք դա չենք ներելու, չենք ներելու: Մենք հետապնդելու ենք ձեզ ու ստիպելու ենք պատասխան տալ դրա համար: Ես պաշտպանելու եմ մեր շահերը ու մեր ժողովրդի շահերը` իմ իրավունքներին համապատասխան բոլոր միջոցներով’’:
Օդանավակայանի մոտ իրականացված հարձակման պատասխանատվությունն իր վրա է վերցրել ‘’Իսլամական պետություն’’ ծայրահեղական խմբավորումը, եվ Բայդենը հրահանգել է հրամանատարական անձնակազմին կազմել հատուկ գործողությունների ծրագիր, հարվածելու համար այդ խմբավորման դիրքերին, ղեկավարությանը եւ ‘’Իսլամական պետություն Խ’’ անվանումը կրող խմբավորմանը պատկանող շինություններին: ‘’Իսլամական պետություն Խ’’ խմբավորումը Խորասանի գավառի Իսլամական պետության մասնաճյուղն է:
‘’Մենք նրանց պատասխանը տալու ենք ուժով եւ հարմար մի ժամանակ, մեզ համար հարմար մի վայրում: Դուք պիտի սա լավ իմանաք. Իսլամական պետության ահաբեկիչները չեն հաղթելու: Մենք փրկելու ենք ամերիկացիներին, մենք աֆղանստանցի մեր դաշնակիցներին դուրս ենք բերելու եւ շարունակելու ենք այս առաքելությունը’’, հայտարարել է ԱՄՆ-ի նախագահը:
Բայդենը հրահանգել է ԱՄՆ-ի ողջ տարածքում մինչեւ օգոստոսի 30-ը կիսով չափ իջեցնել ամերիկյան դրոշները, սգալու համար ամերիկացի սպանված զինվորականների եւ քաղաքացիական մյուս անձանց հիշատակը:
Նրա այս խոսքերից հետո, երեւաց, թե ինչպես իջավ դրոշը Սպիտակ տան գագաթին: