Մատչելի հղումներ

ԱՄՆ-ը նախատեսում է դուրս բերել ուժերն Աֆղանստանից մինչև օգոստոսի 31-ը


ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը երեքշաբթի հայտարարել է, որ Միացյալ Նահանգները մինչև օգոստոսի 31 -ը կավարտի Աֆղանստանից ամերիկացիներին և աֆղանստանցիներին տարհանելու առաքելությունը

Թեև տարհանման տեմպերն արագացվել են, ամերիկացի օրենսդիրները շարունակում են մտահոգվել «Թալիբան» -ի և «Իսլամական պետության» սպառնալիքներին և Քաբուլում տեղի ունեցող քաոսին ԱՄՆ -ի արձագանքի կապակցությամբ

Քաբուլի օդանավակայանում տարհանման գործընթացը արագացվել է, քանի որ մոտենում է օգոստոսի 31 -ի՝ Աֆղանստանից ԱՄՆ -ի ամբողջական հեռացման վերջնաժամկետը: Սպիտակ տունը հայտարարել է, որ Վաշինգտոնը կպահպանի այդ ժամկետները: Դրա մասին հայտարարել է Սպիտակ տան մամլո խոսնակ Ջեն Փսակին:

Այդ հայտարարությանը նախորդել էր թալիբների զգուշացումը, որ իրենք չեն պատրաստվում բանակցել ԱՄՆ -ի հետ` ժամկետը երկարաձգելու շուրջ:

Թալիբանի խոսնակ Զաբիուլլահ Մուջահիդը կրկին ուղերձով դիմել է ամերիկյան կողմին՝ կոչ անելով հեռացնել ԱՄՆ բոլոր քաղաքացիներին մինչև օգոստոսի 31-ը:

Պենտագոնը իր հերթին հայտարարել է, որ իրենց կպահանջվի մի քանի օր ՝ ամերիկյան անձնակազմը և սարքավորումները ամբողջապես հեռացնելու համար: Ընդհանուր առմամբ, ավելի քան 70,000 մարդ արդեն տարհանվել է: Դա ամենամեծ գործողությունն է ԱՄՆ պատմության մեջ: Ամերիկյան բանակի գեներալ-մայոր Հենք Թեյլորը տեղեկացրել է, որ ընդամենը 24 ժամվա ընթացքում Աֆղանստանից դուրս է բերվել 21600 մարդ:

Սակայն ամերիկացի օրենսդիրները շարունակում են վերհանել այն պատճառները, որոնց արդյունքում այդքան արագ տապալվեց Աֆղանստանի կառավարությունը՝ հանգեցնելով այդ քաոսային իրավիճակին:

Ներկայացուցիչների պալատի հետախուզության հանձնաժողովի նախագահ, կոնգրեսական Ադամ Շիֆը նկատում է, որ նախքան իշխանության զավթումը եղել են մի շարք նախազգուշացումներ, որ թալիբները կարող են իրենց վերահսկողության տակ վերցնել երկիրը: Դրա հետ մեկտեղ, Շիֆը կարծում է, որ դժվար էր կանխատեսել Աֆղանստանի կառավարության նման արագ փլուզում:

Հանրապետական օրենսդիրներն, իրենց հերթին, պնդում են, որ Սպիտակ տան պաշտոնյաները պետք է հրաժարական տան այս առիթով, քանի որ չեն կանխատեսել տապալումը և չեն նախապատրաստվել տարհանմանը:

Հանրապետական Մարջորի Թեյլոր Գրինը տեղի ունեցածի մեջ մեղադրում է վարչակազմին` նախագահ Բայդենի գլխավորությամբ: Նրա կարծիքով ամերիկյան ուժերի դուրսբերման ծրագիրն ամբողջապես անպատասխանատու էր, քանի որ վարչակազմը ունեցել է տեղեկատվություն գալիք ճգնաժամի վերաբերյալ:

Թե՛ դեմոկրատները, և թե՛ հանրապետականները վստահ չեն, որ Սպիտակ տունը կարող է ժամանակին ավարտել տարհանումը և նախագահ Բայդենին կոչ են արել երկարաձգել ժամկետները: Սպիտակ տունը հինգշաբթի հայտարարել է, որ ունի արտակարգ իրավիճակի համար նախատեսված ծրագիր, եթե տարհանումը ձգձգվի մինչև սեպտեմբեր:

Facebook Forum

XS
SM
MD
LG