Մատչելի հղումներ

Թալիբներն արդեն արգելում են աֆղանստանցիների մուտքը Քաբուլի օդանավակայան


Աֆղանստանից մեկ օրում տարհանված անձանց թիվը գրանցել է ռեկորդային ցուցանիշ: 90 օդանավեր մեկ օրում այստեղից դուրս են բերել 16 հազար մարդ:

Քաբուլից տասնյակ հազարավոր մարդիկ վերջին մի քանի օրերի ընթացքում դուրսբերվեցին: Սակայն տասնյակ հազարավոր այլոք դեռեւս սպասում են իրենց հերթին:

ԱՄՆ-ի գեներալ Ստիվ Լայոնսն ասում է, թե ամեն ջանք են կիրառում, որպեսզի Քաբուլից դուրս բերվեն բոլոր նրանք, ովքեր ենթակա են տարհանման: Ըստ նրա, այս մի քանի օրերի քաոսի ընթացքում այստեղ երեք երեխա է ծնվել: Օդանավակայանից դուրս տեղի է ունեցել փոխհրաձգություն, սկսվել է հրմշտոց, որոնց արդյունքում կան մարդկային զոհեր: Մեծ է Իսլամական պետություն ծայրահեղական խմբավորման կողմից հարձակումների հնարավորությունը:

Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սուլիվանն ասում է, թե տեղում արվում է ամեն ինչ, նման որեւէ հարձակման դեպքում պատրաստ լինելու համար:

Ամերիկացի 5800 զինվորականներն այս պահին շարունակում են փրկարարական աշխատանքները, որպեսզի մինչեւ օգոստոսի 31-ը այստեղ չմնա եւ ոչ մի ամերիկացի: Դա այն օրն է, որը թալիբներն անվանում են ‘’կարմիր գիծ’’, նկատի ունենալով, որ դրանից հետո տարհանման աշխատանքները պիտի դադարեցվեն:

Ոչ կառավարական մի շարք կազմակերպություններ են այսօր ԱՄՆ-ում բողոքում, որ չնայած նախագահ Բայդենի հավաստիացումներին, մեծաթիվ ամերիկացիներ այսօր չեն կարողանում հեռանալ այնտեղից:

Իսկ Սպիտակ տունը հայտարարում է, որ տարհանման աշխատանքները կշարունակվեն, որքան որ անհրաժեշտ լինի, նույնիսկ այստեղից ամերիկյան ուժերի դուրսբերումից հետո:

Իսկ, թե ինչպես զորքերի դուրսբերումից հետո այստեղից կփրկվեն նրանք, ովքեր ուզում են փրկվել Թալիբանից, դեռեւս պարզ չէ: Դրան գումարած այն, որ Թալիբանը երեքշաբթի օրը հորդորեց, որ այլեւս որեւէ աֆղանստանցի չգնա օդանավակայան: Արձակվեց բոլոր կանանց տանը մնալու մասին հրահանգ:

XS
SM
MD
LG