Մատչելի հղումներ

Մոտենում է օգոստոսի 31-ը, մեծանում է քաոսը Քաբուլի օդանավակայանում


Ամերիկյան ուժերի համար որպես համալրում եւս մի քանի հարյուր զինվորականներ են ժամանել Քաբուլի միջազգային օդանավակայան, օգնելու համար այստեղից ամերիկացիների ու որոշ աֆղանստանցիների էվակուացման աշխատանքներին:

Հրամանատարական անձնակազմի հրամանատար, գեներալ Մարք Միլեյն ասում է, որ արդեն իսկ հաջողվել է դուրս բերել հինգ հազար անձանց:

Սակայն խնդիրն այն է, որ Թալիբանի զինյալները փակել են դեպի օդանավակայան տանող ճանապարհները, ինչի արդյունքում ամերիկացիներն ու այն աֆղանստանցիները, որոնց ԱՄՆ-ը խոստացել էր փրկել, չեն կարողանում հասնել օդանավակայան:

Պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինն ասել է, թե ամերիկյան զորքերը իրենց գործունեությունը կենտրոնացնելու են թռիչքուղիները պաշտպանելու վրա: Իսկ քաոսն ու խուճապը երկուշաբթի օրը մի քանի ժամով կանգնեցրել էին օդային երթեւեկությունը: Այս ընթացքում մի քանի մարդ էր զոհվել:

ԱՄՆ-ը խոստացել է իր զորքերի դուրսբերումն Աֆղանստանից ավարտել մինչեւ օգոստոսի 31-ը: Սակայն շատերի կարծիքով այն բավարար ժամանակ չէ, բոլորին այստեղից դուրս բերելու համար:

Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը հայտարարում է, թե իշխանություններն այս գործն անելու են իրենց տրված ժամանակահատավածում, լինի այն երկու շաբաթ, թե ավելի:

Սակայն ABC կայանին տրված հարցազրույցում նախագահ Ջո Բայդենը միայն փոքր հույս է հայտնել, որ իրենց կհաջողվի այս ընթացքում դուրս բերել այն աֆղանստանցիներին, որոնք աշխատել են ԱՄՆ-ի համար:

‘’Եթե մինչ այդ օրը այնտեղ մնան Ամերիկայի քաղաքացիներ, ամերիկյան ուժերը կշարունակեն մնալ այնտեղ’’, ասել է Բայդենը, ինչը նշանակում է մեծ վտանգ այն աֆղանստանցիների համար, որոնք այստեղ կմնան բոլոր ամերիկացիների տարհանումից հետո:

XS
SM
MD
LG