Մատչելի հղումներ

Ինչ տվեց ամերիկյան քսանամյա առաքելությունն Աֆղանստանին


Աֆղանստանում ԱՄՆ-ի կողմից ղեկավարվող պատերազմը սկսվեց ԱՄՆ-ի դեմ 2001 թվականի ահաբեկչական հարձակումներից հետո, երբ ամերիկյան ուժերն օգնում էին դաշնակիցներին դուրս մղել Թալիբանին, որն այն ժամանակ ապաստան էր տրամադրել ալ Քաիդային: Պատերազմն ավարտվեց քսան տարի անց, երբ այստեղից դուրսբերվեցին ամերիկյան ուժերը, եւ Թալիբանը վերադարձավ իշխանության:

2001 թվականի սեպտեմբերի 11-ն էր, երբ ալ Քաիդայի ահաբեկիչներն առեւանգեցին ամերիկյան մարդատար չորս օդանավեր, երկուսը մխրճելով Նյու Յորքի Առեւտիր համաշխարհային կենտրոնի զույգ շենքերի մեջ, մեկը հարվածեց Պենտագոնի շենքին, մյուսն ընկավ Փենսիլվանիայի դաշտերից մեկում: Արդյունքում զոհվեց 2997 մարդ:

‘’Նրանք, ովքեր փլուզեցին այս շենքերը, շուտով կտեսնեն մեր պատասխանը’’, հարձակումներից շատ չանցած հայտարարեց այն ժամանակվա նախագահ Ջորջ Բուշը: Նա շուտով հրամայեց ռմբակոծել Ա ֆղանստանում ալ Քաիդայի մարզումների տեղանքները: Շատ չանցած, ԱՄՆ-ի օդային ուժերի աջակցությամբ Աֆղանստանի ցեղային միության դաշինքը մի քանի շաբաթվա ընթացքում դուրս մղեց Թալիբանին այս երկրից:

Մայրաքաղաքում եւ այլուր ուրախություն ու տոնախմբություն էր:

Բուշը դրանից հետո որոշեց ներխուժել Իրաք եւ ընդլայնել առաքելությունն Աֆղանստանում` նպատակ ունենալով այստեղ ստեղծել ամերիկյան ոճի ժողովրդավարություն:

Ամերիկյան ուժերը եւ օգնություն առաքող կազմակերպություններն օգնեցին Աֆղանստանին վերակառուցել փլուզված ենթակառույցները, ստեղծեցին պայմաններ աղջիկների ու կանանց կրթության համար, որոնք Թալիբանի օրոք զրկված էին նույնիսկ աշխատելու իրավունքից:

Սակայն Թալիբանը չվերացավ: Այն արագ վերակազմավորվեց եւ սկսեց զինված պայքար, այդ թվում մահապարտների կողմից իրականացնելով հարձակումներ ընդդեմ աֆղանստանցի քաղաքացիների:

Մեծաթիվ փորձագետներ են ասում, որ Աֆղանստանում քսանամյա ներկայության ընթացքում Ամերիկայի հիմնական մեղքը հստակ նպատակներ չունենալու հանգամանքն էր:

Շատերն են ասում, որ չնայած Բուշը ցանկանում էր ամեն միջոց կիրառել Աֆղանաստանում կյանքն առաջվանից ավելի լավը դարձնելու համար, պաշտպանության նախարար Դոնալդ Ռամսֆելդը հենց սկզբից էր ուզում հնարավորին չափ շուտ զորքերը հանել այստեղից: Եվ նման հակասությունները հենց սկզբից թողեցին վնասարար ազդեցություն այստեղ:

2009 թվականին Բարաք Օբաման իր կառավարման առաջին չորս տարիների ընթացքում մեծացրեց ամերիկյան ուժերի թվաքանակն Աֆղանստանում, այն հասցնելով 100 հազարի: Մի քանի տարի անց Օբաման այստեղ թողեց դրա մեկ տասներորդ մասը կազմող ուժեր միայն:

Օբամային հաջորդած նախագահ Դոնալդ Թրամփն էլ հայտարարեց, թե հետ է բերելու ‘’հավերժական պատերազմների’’ մեջ ներքաշված ամերիկացի զինվորականներին: 2020 թվականի փետրվարին նրա վարչակազմի անդամները խաղաղության գործարք կնքեցին Թալիբանի հետ, ըստ որի տասնչորս ամիսների ընթացքում պիտի դուրս բերվեին ամերիկյան բոլոր ուժերն այստեղից: Այդ գործն ավարտին հասցնելու պարտականությունն ընկավ ներկա նախագահ Ջո Բայդենի վրա:

Չնայած այստեղից ամերիկյան ուժերի քաոսային դուրսբերման գործընթացին, Բայդենն ասում է, թե Ամերիկան հասել է իր նպատակին տարիներ առաջ, երբ Թալիբանին դուրս էր մղում այստեղից եւ երբ սպանեց ալ Քաիդայի առաջնորդ Օսաման բին Լադենին:

‘’Աֆղանստանում պետություն կառուցելը երբեք էլ չի եղել մեր նպատակը: Մեր գլխավոր նպատակն է եղել թույլ չտալ ահաբեկչական որեւէ հարձակում Ամերիկայում’’, ասում է Բայդենը:

Վերլուծաբաններից շատերն են ասում, որ ժողովրդավարություն կառուցելու համար, այն էլ Աֆղանստանի պես երկրում, քսան տարին բավական չէր: Այն կառուցելու համար անհրաժեշտ էին ԱՄՆ-ի ու միջազգային համայնքի երկարատեւ ջանքերը:

Այսօր ԱՄՆ-ը հարց է տալիս ինքն իրեն, թե ինչ տվեցին անցած քսան տարիներն աֆղաստանցիներին, եւ ինչ տվեցին Ամերիկային ու աշխարհին: Ինչպես փոձագետներից շատերն են ասում, հետեւելով Աֆղանստանում իր առաքելության արագ անկման ընթացքը, Վաշինգտոնը հավանաբար շատ ավելի խորը եւ մանրակրկիտ կերպով կուսումնասիրի բոլոր հանգամանքները, հետագայում որեւէ տեղ իր զորքերին ուղարկելուց առաջ:

Չէ որ ամեն մի անհաջող առաքելություն բացասաբար է ազդում առաքելության հեղինակի հեղինակության վրա:

XS
SM
MD
LG