Վերջերս, երբ Աֆղանստանում իշխանությունը անցավ թալիբներին, Ֆարաբոն զրուցեց այն օրերի իր զրուցակիցներից մի քանիսի հետ, որոնք այժմ Ամերիկայի ամենաերկար պատերազմի վետերաններն են:
Հետևելով հեռուստատեսությամբ Աֆղանստանի զարգացումներին՝ Միսսուրիի իր տանը, վետերան Սթիվ Հաթչերսոնը շոկի մեջ է:
«Դժվար է դիտել. Դուք տեսել եք Սայգոնի անկման տեսանյութերը. սա մի տեսակ ահավոր նման է դրան: Մենք այնքան բարձր գին ենք վճարել թե մարդկային կյանքերի և թե ազգային միջոցների առումով, որպեսզի պահպանենք մեր ունեցածը, և դուք տեսնում եք, որ այդ ամենը հօդս է ցնդում»,- ասում է վետերանը:
Աֆղանստանի վերադարձը թալիբների վերահսկողության տակ Հաթչերսոնի համար չափազանց անձնական խնդիր է: Նա 2002 թ-ի սկզբին Աֆղանստան տեղափոխված ամերիկյան զինվորականների առաջին ալիքում էր՝ ծառայելով Բաղրամի օդային ռազմակայանում որպես օդային երթևեկության վերահսկիչ: Նա համակարգում էր դաշնակից երկրների ռազմական ինքնաթիռների շարժը: Ըստ նրա՝ ԱՄՆ -ը հասել էր իր նպատակին: Մենք ապահով էինք վերջին 20 տարիների ընթացքում, փաստում է ամերիկացի վետերանը: Բայց նա նաև կարծում է, որ ԱՄՆ -ի ջանքերն, ուղղված Աֆղանստանում ժողովրդավարության կառուցմանը, անհնար էր իրականացնել:
Աֆղանական պատերազմի մեկ այլ վետերան Ռոնդա Լոուսոնի համար էլ զարմանալի էր, թե որքան արագ ամեն ինչ տեղի ունեցավ: Նա դիտում էր Աֆղանստանի կառավարության արագ անկումը Մերիլենդի իր տանը: Մոտ 20 տարի առաջ նրա տունը Բաղրամի օդանավակայանն էր, ուր նա իրականացնում էր իր ծառայությունը: Այստեղ նա ականատես եղավ Աֆղանստանի նոր ազգային բանակ կառուցելու ԱՄՆ -ի ջանքերին:
«Դա որոշակիորեն փոխում է իմ տեսակետը, թե արդյոք Աֆղանստանի ազգային բանակը պատրաստ էր պաշտպանել սեփական երկիրը, թե ոչ: Ես չգիտեմ՝ արդյոք դա նրանց կողմից չկռվելու կամ անհաջողության մատնվելու պատճառով էր, սակայն թալիբների կողմից նման արագ առաջխաղացումը բավականին ցնցող է»,- ասում է ԱՄՆ բանակի վետերան Ռոնդա Լոուսոն:
«Մենք անհավատալի մեծ գումարներ ենք ծախսել իրենց բանակին ուսուցանելու համար, որպեսզի նրանք պայքարեն հանուն իրենց երկրի, սակայն կարծում եմ, որ նրանք դա չէին ուզում: Ինչ պատճառներով՝ չգիտեմ: Եթենրանք չեն ցանկանում պայքարել իրենց երկրի համար, մենք չենք կարող այնտեղ հավերժ մնալ»,- ընդգծում է Հաթչերսոնը:
Աֆղանստան իր երկու գործուղման ընթացքում Դեն Միլբաուերը ծառայել է ԱՄՆ բանակի տարբեր ստորաբաժանումներում, ինչը թույլ է տվել նրան շատ ճանապարհորդել այնտեղ գտնվելու ընթացքում:
«20 տարի անց, ես գտնում եմ, որ մենք չպետք է այնտեղ տեղակայենք ամերիկյան ռազմական ուժեր»,- ասում է ԱՄՆ բանակի վետերան Դան Միլբաուերը:
Այսօր Թալիբանն արդեն վերահսկում է գրեթե ողջ Աֆղանստանը և նրա անորոշ ապագան: Դրան զուգահեռ շարունակվում է մարդկային արտահոսքը երկրից: Մարդիկ վախենում են թալիբների իշխանությունից և փորձում անվտանգություն փնտրել այլ երկրներում:
Facebook Forum