Մատչելի հղումներ

 
Բժիշկները քննարկում են Դելտա տարբերակի տարածման պայմաններում դպրոցների վերաբացումը

Բժիշկները քննարկում են Դելտա տարբերակի տարածման պայմաններում դպրոցների վերաբացումը


Ամերիկացի աշակերտները նոր ուսումնական տարում կսկսեն հաճախել դպրոց, սակայն երկրում աճում է դելտա տարբերակով COVID-19 դեպքերի թիվը

Փորձագետներն ասում են, որ երեխաները, կարծես, ավելի խոցելի են այս տարբերակի նկատմամբ: Դա բազմաթիվ հարցեր է առաջացնում, թե ինչպես պաշտպանել երեխաներին, և հատկապես նրանց, ովքեր դեռ փոքր են պատվաստում ստանալու համար:

ԱՄՆ -ում կորոնավիրուսային համաճարակի բռնկումից ի վեր վարակվել է ավելի քան 36 միլիոն մարդ, որոնցից մոտ 4 միլիոնը երեխաներ են, հայտնում է Ամերիկյան մանկաբուժության ակադեմիան: Վերջին շրջանում կորոնավիրուսի Դելտա տարբերակը պատճառ է դարձել հիվանդների թվի աճի: Միևնույն ժամանակ երեխաները նոր ուսումնական տարում հեռավար դասերի փոխարեն կսկսեն հաճախել դպրոց: Վերմոնտի համալսարանի բժշկական կենտրոնի բժիշկ Ուիլյամ Ռաշկան փաստում է, որ մինչև 12 տարեկան երեխաները մեծ հաշվով պաշտպանված չեն կորոնավիրուսի դելտայի տարբերակից, քանի որ պատվաստված չեն:

Ամենադժվար իրավիճակը, փորձագետների կարծիքով երկրի հարավում է, որտեղ պատվաստումների մակարդակը ցածր է, և դելտա տարբերակը տարածվում է չափազանց արագ:

Բացի այդ, մի շարք նահանգապետեր այնպիսի նահանգներում, ինչպիսիք են Ֆլորիդան, Թեքսասը և Արիզոնան, չեղարկել են դիմակներ կրելու հրամանը՝ չնայած որոշ դպրոցներում, ըստ տեղեկությունների, դիմակներ կրելը շարունակում է մնալ պարտադիր:

«Եթե դպրոցներում ուսումնական տարին մեկնարկի առանց դիմակների և շարունակվի սեպտեմբերից մինչև դեկտեմբեր, ապա այդ ժամանակահատվածում կվարակվի դպրոց հաճախող երեխաների մեծ մասը: Այն այսօր շատ ավելի արագ փոխանցվող է, քան անցյալ տարի»,- ասում է բժիշկ Դենի Բենջամինը Դյուկ համալսարանից:

Դյուկ համալսարանից մանկաբուժ բժիշկ Դենի Բենջամինը մասնակցել է երեք հետազոտությունների, որոնք ուսումնասիրել են դիմակներ կրելու ազդեցությունը դպրոցներում COVID-19- ի տարածման հարցում: Նա շեշտում է՝ հետազոտության արդյուքները ցույց են տալիս, որ դիմակներ կրելն արդյունավետ միջոց է վարակի փոխանցումը կանխելու համար:

Բայց նրանք, ովքեր դեմ են դիմակ կրելուն պնդում են, որ նման կարգադրությունները խախտում են իրենց ազատությունը, և որ դիմակ կրելն անձնական ընտրության և պատասխանատվության հարց է: Շատերը չեն վստահում նաև կառավարության պնդումներին, որ պատվաստանյութերն անվտանգ են:

Մինչդեռ փորձագետներն ասում են, որ ավելի շատ մարդկանց պատվաստելը վիրուսի վերահսկման բանալին է:

«Եթե մենք պատվաստել ենք համայնքը, դպրոցներն ապահով են: Երբ դպրոցները բացվեն, ակնհայտ է, որ մենք պետք է փորձենք պատվաստել 12 և բարձր տարիքի մեր բոլոր երեխաներին: Նրանք դեռ լիովին պատվաստված չեն»,- նշում է ՝ Վանդերբիլտի համալսարանի առողջապահության քաղաքականության փորձագետ բժիշկ Ուիլյամ Շանֆները:

Դելտայի տարբերակի արագ տարածման հետ մեկտեղ Մանկաբուժության ամերիկյան ակադեմիան արդեն խրախուսել է առողջապահության ոլորտի պատասխանատուներին՝ հնարավորինս շուտ հաստատել 5-11 տարեկան երեխաների համար COVID-19-ի պատվաստանյութերի օգտագործումը, սակայն դեռևս այս առումով որևէ փոփոխություն չի սպասվում մոտակա ամիսներին:

Facebook Forum

XS
SM
MD
LG