«Թալիբան» շարժման զինյալները ոստիկանական մեքենա են վարում Քաբուլ քաղաքում: Կառավարության անկումից հետո անցել է երեք օր. Քաբուլը համեմատաբար հանգիստ է:
«Ընդհանուր առմամբ, իրավիճակը շատ լավ է: Ես Քաբուլի բնակիչ եմ: Ես անհանգստացած չեմ, և մարդիկ ևս չպետք է անհանգստանան», - ասում է Քաբուլի բնակիչ Փասոնը:
Թալիբները կիրակի օրը մտան Քաբուլ այն բանից հետո, երբ Աֆղանստանի նախագահը լքեց երկիրը, իսկ կառավարությունը տապալվեց: Խմբավորումը նշում է, որ իր զինյալները մտել են քաղաք ՝ անվտանգությունն ապահովելու համար:
«Փառք Աստծո, անվտանգությունն ապահովված է: Խնդիր չկա. Իսլամական էմիրության մոջահեդները պարեկություն են իրականացնում ամենուր»,- ասում է զինյալներից մեկը:
Քաբուլի բնակիչները, սակայն, որոշակի խնդիրներ են տեսնում:
«Փառք Աստծո, անվտանգության հետ կապված իրավիճակը նորմալ է: Մարդիկ բախվում են բազմաթիվ այլ խնդիրների, օրինակ՝ կան գողեր, որոնք գողանում են ավտոմեքենաներ: Նրանք պետք է ապահովեն անվտանգությունը»,- ասում է Քաբուլի բնակիչ Հաջի Բիսմիլլահը:
Չնայած թալիբների հավաստիացումներին, բնակիչներն անհանգստացած են, որ կառավարություն դեռևս չկա:
«Մարդիկ դուրս են եկել փողոց: Խնդիր չկա. նրանք հայտարարեցին, որ մարդիկ կարող են վերադառնալ բնականոն կյանքին, և կարող են աշխատել: Բայց առկա է մտավախություն և անորոշություն»,- նշում է Քաբուլի բնակիչ Յուսուֆը:
Տեղի բնակչությունը ցանկանում է, որ պետական ծառայությունները վերսկսեն իրենց աշխատանքը որքան հնարավոր է արագ:
«Մարդկանց միակ մտահոգությունը գործազրկությունն է: Թալիբանը պետք է կառավարություն ստեղծի, որպեսզի մարդիկ վերադառնան աշխատանքի»,- ասում է Քաբուլի բնակիչ Աբդուլ Սամադը:
Թալիբները երեքշաբթի հայտարարել են պետական պաշտոնյաների համընդհանուր համաներման մասին ՝ նրանց կոչ անելով վերադառնալ աշխատանքի:
Facebook Forum