Մատչելի հղումներ

Աֆղանստանը` որպես Բայդենի արտաքին քաղաքականության ամենամեծ ճգնաժամ


Աֆղանստանից փախչելու աֆղանստանցիների շրջանում տարածված խուճապային իրավիճակը շատերը համարում են այստեղից ամերիկյան ուժերը դուրսբերելու ԱՄՆ-ի կողմից վատ կազմված ծրագիրի արդյունք:

Ջո Բայդենի վարչակազմի վատ կազմած ծրագիրն է պատճառը, ասում են նրանք, որ թալիբները արագ տիրացան ամբողջ Աֆղանստանին եւ որ Ամերիկան ստիպված եղավ խառնաշփոթ իրավիճակում դուրս բերել իր քաղաքացիներին:

Սպիտակ տան խոսնակ Ջեն Փսաքին ասում է, թե մարդկանց այստեղից հեռացնելու համար կազմված է ցուցակ, ըստ որի, առաջին հերթին դուրս են բերվում ԱՄՆ-ի քաղաքացիները, դեսպանության աշխատակիցներն ու ընտանիքները, տեղից աշխատանքի ընդունված անձինք, եւ նրանք, ովքեր աշխատել են արեւմտյան տարբեր լրատվամիջոցների ու գործակալությունների համար: Ամերիկա է արդեն իսկ տեղափոխվել երկու հազար աֆղանստանցի, որոնց հատկացվել են հատուկ ներգաղթային վիզաներ:

Հիմա Թալիբանի հետ բանակցություններ են ընթանում, որպեսզի մինչեւ օգոստոսի վերջը թույլատրվի մարդկանց այստեղից տեղափոխումը:

Աֆղանստանի նոր իշխանության խոսնակն ասում է, թե Աֆղաստանը չի դառնալու ահաբեկչության ապաստարան: Նա նաեւ հանդես է գալիս, Շարիայի օրենքների վրա հենված, կանանց իրավունքները երաշխավորելու մասին խոսքերով: Նա նաեւ խոստանում է, որ ներում կշնորհվի իրենց դեմ կռիվներին մասնակցած անձանց եւ որ կկազմվի ընդգրկուն կառավարություն:

‘’Մենք այլեւս նոր պատերազմ չենք ուզում: Մենք խաղաղություն ենք ուզում Աֆղանստանի համար: Այդ պատճառով ենք մասնակցել բանակցություններին’’, ասել է խոսնակը:

Սակայն, հիշելով Թալիբանի գազանաբարո անցյալը, շատերն են հարցականի տակ դնում այս հայտարարությունները, եւ առաջին փորձարկումը համարում Աֆղանստանից Ամերիկայի բոլոր քաղաքացիների ու անձնակազմի ապահով ու անվտանգ դուրսբերումը: Իսկ այն հանգամանքը, որ ամերիկացիները չեն հասցրել հեռանալ մինչեւ Թալիբանի ժամանումը, դարձել է Ջո Բայդենի վարչակազմի դեմ քննադատության մեծ ալիքի պատճառ, որոնց, հանրապետականների հետ միացել են նաեւ դեմոկրատ կոնգրեսականներ, որոնք հորդորում են սկսել զորքերը նման կերպ հետքաշելու հարցով հետաքննություն: Հանգամանք, որը դարձել է Բայդենի արտաքին քաղաքականության մինչ այժմ ամենամեծ ճգնաժամը:

XS
SM
MD
LG