Մատչելի հղումներ

Արեւմուտքն Աֆղանստանում հաջողության չհասավ այնպես, ինչպես Խորհրդային Միությունը` 1980-ականներին


Աֆղանստանի բնակչության կեսը` 18 միլիոն մարդ այսօր ունի մարդասիրական օգնության կարիք, երկիր, որը, մոտ քսան տարի գտնվելով Արեւմուտքի ռազմական ներկայության հովանու ներքո, այսօր գրավված է ծայրահեղական Թալիբան շարժման կողմից, երկիր, որտեղից փախուստի է դիմել Արեւմուտքի աջակցությունը վայելող նախագահը:

Արեմտյան ռազմական վերլուծաբանները մի քանի օր առաջ հաշվարկել էին, որ երկրի ամբողջ տարածքի վրա իր վերահսկողությունը հաստատելու համար Թալիբանից կպահանջվեր 90 օր: Սակայն դրա համար պահանջվեց մի քանի օր միայն: Պատճառը 1994-96 թվականների դեպքերը Թալիբանի կողմից լավ կատարված ուսումնասիրությունն էր, սխալները ուղղելու ռազմավարությունը: Իննսունականներին նրանք տապալեցին Քաբուլի կառավարությունը, իսկ իրենց հակառակորդները կազմեցին դաշինք հյուսիսային հատվածում: Այս անգամ թալիբները վերցրին հյուսիսը, ու շարժվեցին դեպի մայրաքաղաք: Աֆղանստանի կառավարական բարոյալքված բանակի ջոկատներն էլ ցույց չտվեցին պայքարելու մեծ ջանք, քանի որ անցած քսան տարիները եղել էին կոռուպցիայի, պետությունն ու ժողովրդին թալանելու տարիներ: Զինված ուժերի նույնիսկ ամենավերին հրամանատարությունն անգամ չգիտեր բանակում զինվորականների ճիշտ թիվը, քանի որ Արեւմուտքից ստացվող միլիարդավոր դոլարների հասնող հատկացումները յուրացնելու նպատակով իշխանությունները գրանցում էին կեղծ անուններ բանակում ու նրանց համար հատկացվող աշխատավարձը դարձնում իրենց սեփականությունը:

Աֆղանստանի անվտանգության համար միայն Միացյալ Նահանգները ծախսել է 88 միլիարդ դոլար:

Սակայն երկիրը զարգացնելու, մարդկանց սոցիալական իրավիճակը բարելավելու փոխարեն իշխանությունները զբաղված են եղել դրանք յուրացնելու գործով: Խզվել է կապը շրջանների ու գավառների հետ այնպես, որ անցած տարիներին թալիբներին էր հաջողվել ստանալ ցեղային մեծաթիվ խմբերի առաջնորդնեի համակրանքը:

Սրանք են Թալիբանի արագ առաջխաղացման պատճառները:

Թալիբանը, որն իր ֆինանսական միջոցներն ապահովում է թմրանյութերի առեւտրով ու վայելում Պակիստանի հովանավորությունը, այժմ ունի քննություն հանձնելու պարտավորություն: Այժմ այն տալիս է վրեժխնդրությունից հեռու մնալու, կանանց ուսումն ապահովելու եւ նման այլ խոստումներ: Սակայն չէ որ սա նույնպես կարող է լինել նախկինից ստացած դասերի արդյունք: Եվ քչերն են հավատում, որ այս երկրում մարդիկ կսկսեն շուտով ապրել երջանիկ կամ շուտով կտեսնեն դրա հեռանկարները:

Եվ փաստն այն է, որ տապալվել են այստեղ խաղաղություն, անվտանգություն եւ կայունություն հաստատելու ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի ջանքերն այնպես, ինչպես այստեղ իրենց կարգերը հաստատելու Խորհրդային Միության ջանքերը` 1980-ականներին:

XS
SM
MD
LG