Մատչելի հղումներ

 
Աֆղանստանն ամբողջությամբ Թալիբանի վերահսկողության տակ կհայտնվի մի քանի ամսվա ընթացքում

Աֆղանստանն ամբողջությամբ Թալիբանի վերահսկողության տակ կհայտնվի մի քանի ամսվա ընթացքում


Ծայրահեղական Թալիբան շարժման զինյալ խմբերն Աֆղանստանի կառավարական ուժերի դեմ են այս պահին մարտեր մղում Լոգար նահանգում ՝ մայրաքաղաքից մոտ 80 կիլոմետր հեռավորության վրա: Ամերիկյան բանակի հաշվարկներով Քաբուլը կարող է ենթարկվել ապստամբների հարձակումներին եկող 30 օրերի ընթացքում:

Գրոհայինները գրավել են երկրի հարավ -արևելքում գտնվող, ռազմավարական նշանակություն ունեցող Ղազնի քաղաքը, ինչն ավելի է մոտեցնում նրանց դիրքերը Քաբուլին:

Հերաթը ՝ երկրի մեծությամբ երրորդ քաղաքը, նույնպես գտնվում է թալիբների վերահսկողության ներքո:

Վերջին հաղորդագրությունների համաձայն Թալիբանի վերահսկողության տակ է անցել նաեւ Աֆղանստանի երկրորդ մեծ քաղաքը ՝ Քանդահարը:

Իսլամիստներն արդեն վերահսկողություն են հաստատել երկրի 34 նահանգներից առնվազն 11-ի վրա:

Եվրամիությունը զգուշացրել է թալիբներին, որ Աֆղանստանում իշխանությունը բռնի զավթելու դեպքում վերջիններս կհայտնվեն միջազգային մեկուսացման մեջ:

«Եվրամիությունը ձգտում է շարունակել իր գործընկերությունը Աֆղանստանի ժողովրդի հետ և աջակցել նրան: Այնուամենայնիվ, աջակցություն կտրամադրվի միայն այն դեպքում, եթե խաղաղ և ներառական լուծում ձեռք բերվի, և բոլոր աֆղանստանցիների, այդ թվում կանանց, երիտասարդների և փոքրամասնությունների հիմնարար իրավունքները հարգվեն», հայտարարել են Եվրամիության պաշտոնատար անձինք:

ՄԱԿ-ի գործակալությունները հայտնում են Ա ֆղանստանում աստիճանաբար ավելի խորացող մարդասիրական ճգնաժամի մասին, երբ Թալիբանի ուժերը շարունակում են արշավը դեպի մայրաքաղաք Քաբուլ, հերթով գրավելով նահանգային մայրաքաղաքները:

«Մենք ունենք մտավախություն, որ վատագույնը դեռեւս առջևում է, երբ երկրին է մոտենում սովի մեծ ալիքը: Իրավիճակն ունի հումանիտար աղետի բոլոր նախանշանները», - ՄԱԿ -ի ճեպազրույցում ասել է Պարենի համաշխարհային ծրագրի ներկայացուցիչ Թոմսոն Ֆիրին:

Մայիս ամսից ի վեր ավելի քան 250 հազար մարդ է ստիպված եղել լքել իրենց տները, որոնցից 80 տոկոսը կանայք և երեխաներ են: Այս մարդիկ զինված խմբավորումների կողմից ճանապարհին հաճախ են ենթարկվում թալանի:

«Աֆղանստանցիների յուրաքանչյուր երեք մարդուց մեկն այսօր սնվելու պահանջը չի կարողանում բավարարել: Խոսքը 14 միլիոն մարդկանց մասին է», ասել է Ֆիրին:

ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության հաշվարկով Թալիբանը կարող է Աֆղանստանի ամբողջ տարածքի վրա հաստատել իր վերահսկողությունը մի քանի ամիսների ընթացքում:

XS
SM
MD
LG