Մատչելի հղումներ

Ռուսաստանի ԱԳՆ -ն թույլ չի տվել BBC- ի լրագրողին շարունակել աշխատանքը ՌԴ-ում


Ռուսաստանի ԱԳՆ -ն հրաժարվել է երկարացնել բրիտանական BBC-ի մոսկովյան թղթակից Սառա Ռեյնսֆորդի աշխատանքային վիզան: Նա պետք է լքի երկիրը մինչև օգոստոսի 31 -ը, հաղորդում է Bloomberg- ը

ՌԴ ԱԳՆ -ն հայտարարել է, որ սա պատասխան է բրիտանական իշխանությունների կողմից ռուսական լրատվամիջոցների նկատմամբ խտրական վերաբերմունքի ու ռուս լրագրողներին վիզա չտրամադրելուն: Չի նշվում, սակայն, թե ում մասին է խոսքը:

Սա առաջին դեպքն է վերջին տասը տարիների ընթացքում, երբ Ռուսաստանը փաստացի վտարում է բրիտանացի լրագրողին: 2011 թ-ին նույն ճակատագրին էր արժանացել Մոսկվայում The Guardian- ի թղթակից Լյուկ Հարդինգը : Նա դարձավ առաջին օտարերկրյա լրագրողը, որը վտարվեց Ռուսաստանից Սառը պատերազմի ավարտից հետո: 2014 թվականին ամերիկացի լրագրող Դեյվիդ Սաթերինին արգելվեց մուտք գործել Ռուսաստան, իսկ 2015 թ. Gazeta Wyborcza օրաթերթի լեհ թղթակից Վացլավ Ռադզիվինովիչին կարգադրեցին հեռանալ Ռուսաստանից:

Օգոստոսի 9 -ին Սառա Ռեյնսֆորդը մասնակցեց Մինսկում Լուկաշենկոյի մեծ ասուլիսին: Երբ նա Լուկաշենկոյին հարցրեց բրիտանական պատժամիջոցների մասին, վերջինս զայրացած տվեց կոպիտ պատասխան՝ բրիտանացիներին որակելով որպես ամերիկացիների կցորդներ:

Ռեյնսֆորդի այն հարցին, թե արդյոք Լուկաշենկոն կարծում է, որ խաղաղ բնակիչների նկատմամբ ամենալուրջ բռնաճնշումներից հետո նա կորցրել է իր լեգիտիմությունը, Լուկաշենկոն կրկին կոպիտ արձագանքեց բրիտանացի լրագրողի հարցին՝ մատնանշելով նրանց, ովքեր «վաշինգտոնյան գործի» շրջանակումմ հայտնվել են բանտերում: Բրիտանացի լրագրողի հիշատակումը, որ վերջինս ԱՄՆ-ից չէ, այլ Մեծ Բրիտանիայից, խիստ զայրացրեց Լուկաշենկոյին, որի պատասխանից հետո դահլիճում հնչեցին ծափահարություններ: Լուկաշենկոն հայտարարեց, որ ձերբակալված ցուցարարների նկատմամբ խոշտանգումներ չեն իրականացվել, և այս ամենն արևմտյան ԶԼՄ -ների հերյուրանքն է:

Սառա Ռեյնսֆորդը սկսեց իր աշխատանքը Ռուսաստանում 2000-ականների սկզբից: Նա այստեղ աշխատող առաջին օտարերկրյա թղթակիցներից մեկն էր, ով լուսաբանել է Բեսլանի՝ 2004 թվականի ահաբեկչությունը: Դրանից հետո նա աշխատել է Ստամբուլում, Մադրիդում և Հավանայում:

Facebook Forum

XS
SM
MD
LG