Իրանի նոր նախագահը ներկայացրել է իր կառավարության կազմը, որտեղ գերակշռում են քաղաքական կոշտ կողմնորոշում ունեցող գործիչներ, հաղորդում է իրանական պետական հեռուստատեսությունը:
Սա որոշակի պատկերացում է տալիս այն քաղաքականության մասին, որը նա կարող է վարել առաջիկա չորս տարիների ընթացքում:
Պահպանողական իմամը և դատական համակարգի նախկին ղեկավար Էբրահիմ Ռայիսին արտաքին գործերի նախարարի պաշտոնում առաջադրել է քաղաքական կոշտ ուղեգծի կողմնակից, կարիերային դիվանագետ Հոսեյն Ամիր Աբդոլլահիյանի թեկնածությունը: Այս առաջադրումը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Իրանն ու ԱՄՆ -ը համաշխարհային այլ տերությունների հետ փորձում են կրկին գալ համաձայնության Իրանի միջուկային համաձայնագրի շուրջ:
Կառավարության կազմը պետք է հաստատի Իրանի խորհրդարանը: Գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին նույնպես սովորաբար մասնակցում է ամենակարևոր պաշտոնյաների նշանակմանը, ինչպիսին է արտաքին գործերի նախարարի պաշտոնը:
Իր գործունեության ընթացքում 56-ամյա Ամիր Աբդոլլահիյանն աշխատել է մի քանի վարչակազմերի օրոք:
Նախկին պոպուլիստ նախագահ Մահմուդ Ահմադինեջադի ժամանակ նա արաբական և աֆրիկյան երկրների հարցերով փոխարտգործնախարարն էր: Հիշեցնենք, որ Ահմադինեջադը հայտնի է Արևմուտքում Հոլոքոստի ժխտմամբ և 2009 թ-ի վիճահարույց վերընտրությամբ:
Facebook Forum