Մատչելի հղումներ

Թուրքիայում սպանվել են քուրդ ընտանիքի յոթ անդամներ


Թուրքիայում ոստիկանությունը հետաքննում է քրդական ընտանիքի յոթ անդամների սպանության հետ կապված հանգամանքները: Իրավապաշտպանները կարծում են, որ Թուրքիայի իշխանությունները պետք է ավելի արագ գործեն՝ էթնիկ լարվածությունը կանխելու համար

Հուլիսի 30 -ին Թուրքիայի կենտրոնական Քոնիա նահանգում սպանվել են էթնիկ քուրդ ընտանիքի յոթ անդամներ: Յաշար Դեդեօղլուն, նրա կինը՝ Իփեկան և նրանց հինգ երեխաները գնդակահարվել են: Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ ՝ մարդասպանը նախ զրուցել է Յաշարի հետ, նախքան ամբողջ ընտանիքի դեմ կրակ բացելը:

Վեց օր անց թուրք իրավապահները բերման են ենթարկել սպանության մեջ գլխավոր կասկածյալ Մեհմեթ Ալթունիին՝ նշելով, սակայն, որ սպանությունների հանգամանքները դեռևս շարունակվում են հետաքննվել:

Տեղական իշխանությունների նախնական վկայությունները խոսում են այն մասին, որ քուրդ ընտանիքի և մոտակայքում բնակվող թուրք ընտանիքի միջև առկա է եղել վեճ:

Իրավապաշտպանները և սպանված ընտանիքի հարազատները հայտարարել են, որ հարձակումը ռասայական դրդապատճառներ ունի:

«Նրանք շարունակ ասում են, որ մենք բոլորս եղբայրներ ենք: Եթե մենք իսկապես եղբայրներ ենք, ապա ինչպե՞ս կարող էր ընտանիքի յոթ անդամ սպանվել այս կերպ: Նրանք նույնիսկ արել են տունը: Արդյո՞ք այսպիսին է եղբայրությունը »,- ասում է սպանված ընտանիքի ազգական Ամիրխան Դեդեօղլուն:

Թուրք պաշտոնյաները հերքում են հարձակման ռասայական բնույթի մասին պնդումները: Ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն սպանությանը ռասիստական բնույթ տալը որակել է «սադրանք»:

Թուրքերի ու քրդդերի միջև էթնիկ լարվածութունը Թուրքիայում ունի երկար պատմություն: Այս տարի երկրում գրանցվել են մի քանի նման հարձակումներ:

Քրդերը կազմում են Թուրքիայի 83 միլիոնանոց բնակչության գրեթե 20 տոկոսը, սակայն իրավապաշտպան խմբերը պնդում են, որ նրանք զրկված են բազմաթիվ հիմնական իրավունքներից:

«Այս միջադեպի մասին Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն ասել է, որ հարձակումը որևէ կապ չունի ռասիզմի հետ: Այս հայտարարությունը խնդրահարույց է, քանի որ հետաքննությունը դեռ շարունակվում է: Բայց բոլորն էլ ասում են, որ եթե այս ընտանիքը քուրդ չլիներ, նրանք չէին սպանվի»,- ասում է Մարդու իրավունքների ասոցիացիայի նախագահ Օզթուրք Թուրքդողանը:

Իրավապաշտպանները կառավարությանը մեղադրում են նման հարձակումների վրա աչք փակելու և ռասիստական տրամադրություններ բորբոքելու մեջ:

«Քրդերին և մյուս փոքրամասնություններին քավության նոխազ դարձնելը պատմականորեն շարունակական խնդիր է: Եվ եթե կառավարության և քաղաքացիական հասարակության կողմից համաձայնեցված ջանքեր չգործադրվեն, Թուրքիան կշարունակի քրդերին և այլ էթնիկ և կրոնական փոքրամասնություններին թիրախավորելը երկրի ներսում»,- նշում է Ժողովրդավարությունների պաշտպանության հիմնադրամի ներկայացուցիչ Այքան Էրդեմիրը:

Ըստ Թուրքիայի Մարդու իրավունքների ասոցիացիայի՝ 2020 թվականին 7 մարդ է զոհվել, 32-ը` վիրավորվել շուրջ 14 ռասիստական բնույթի հարձակումների հետևանքով:

Facebook Forum

XS
SM
MD
LG