Մատչելի հղումներ

‘’Կլիմայական ճգնաժամը թակում է ամբողջ երկրագնդի դուռը’’. Հունաստանի վարչապետ


Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը ներուղություն է խնդրել երկրի տարածքում մեծ արագությամբ տարածվող անտառային հրդեհները մարելու գործում անհաջողության համար, եւ` հայտարարել արտակարգ իրավիճակների համար նախատեսված բյուջեից 500 միլիոն դոլարի օգնության փաթեթ կազմելու մասին: Գումարը նախատեսված է իրենց տները կորցրած անձանց փոխհատուցում տրամադրելու համար:

‘’Հատկապես Էվիայում եւ Աթթիկայում հրդեհի հարուցած վնասն է պղտորում բոլորիս սրտերը, եւ ես պիտի լինեմ մեր անզորության համար ներողություն հայտնող առաջին անձը’’, ասել է վարչապետը:

Այս պահին էլ հրշեջները ցամաքից ու օդանավերի միջոցով պայքարում են Էվիայում տարածվող հրդեհների դեմ: Տարածման արագությանը նպաստում են ուժեղ քամիները: Իսկ օդանավերից նետվող ջրային ռումբերը երբեմն ճիշտ չեն թիրախավորում նշանակետը, քանի որ տարածքը պատված է ծխի հաստ շերտով: Միցոտակիսն ասել է նաեւ, թե ձախողումների հարցը ենթակա է հետաքննության:

Նրա խոսքերով, անցած մի քանի օրերն ամենադժվարն են եղել Հունաստանում անցած մի քանի տասնամյակների ընթացքում: Նա խոստանում է, որ տուժած բոլոր անձինք կստանան փոխհատուցում, իսկ այրված տարածքներում կսկսվեն ծառատնկման աշխատանքներ: Նա հիշեցնում է, որ երկրում այս պահին շարունակվում է անտառային 586 հրդեհ:

‘’Արդեն ակնհայտ է, որ կլիմայական ճգնաժամը թակում է ամբողջ երկրագնդի դուռը’’, ասել է Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը:

XS
SM
MD
LG