Մատչելի հղումներ

Իրանի նոր նախագահի լավատեսական խոսքերը զգուշավորությամբ են ընդունում Վաշինգտոնում


Իրանի ծայրահեղ պահպանողական Էբրահիմ Ռաիսին հինգշաբթի օրը երդում տվեց երկրի նախագահի պաշտոնում ու խոստացավ դիվանագիտական եղանակով ապահովել, որ ԱՄՆ-ը հրաժարվի իր երկրի նկատմամբ կիրառվող պատժամիջոցներից: Սա մի հայտարարություն է, որն ուշադրությամբ ու զգուշությամբ են լսում Վաշինգտոնում: Չէ որ Ռաիսին գերագույն առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեիի երկար տարիների պաշտպանն է ու պաշտպանյալը, Իրանի արդարադատության նախկին նախարարը, եւ որը հունիսյան նախագահական ընտրություններում հաղթող է ճանաչվել ընտրություններին մասնակցած անձանց թվի աննախադեպ ցածր ցուցանիշի պայմաններում: Միացյալ Նահանգներն ու Իրանի ընդդիմությունն էլ Ռաիսիի հաղթանակը չի համարում ազատ ու արդար ընտրությունների արդյունք:

Ելույթ ունենալով երկրի խորհրդարանի առջեւ` Ռաիսին ասել է. ‘’Իրանի ժողովրդի դեմ կիրառվող պատժամիջոցները պետք է հանվեն: Եվ մենք կպաշտպանենք դիվանագիտական որեւէ ծրագիր, որը միտված է այդ նպատակն իրականություն դարձնելու համար’’:

Ամենօրյա մամուլի ասուլիսի ընթացքում էլ ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը Ռաիսիի ելույթին պատասխանել է հույս, սակայն նաեւ` զգուշության արտահայտող խոսքերով:

‘’ԱՄՆ-ը պաշտպանելու է ու առաջ է մղելու մեր ու մեր գործընկերների ազգային շահերը: Եվ մենք հույս ունենք, որ Իրանը կօգտվի դիվանագիտական եղանակով հարցերը լուծելու հնարավորությունից, այն դիվանագատիական լուծումների, որոնք այսօր դրված են մեր բոլորի առջեւ: Եվ մենք սպասում ենք, տեսնելու համար, թե ինչ մոտեցումներ է Իրանը ցուցաբերելու, որից հետո մենք կպատասխանենք մեր գործընկերների հետ քննարկումներ անցկացնելուց հետո:

Փրայսի խոսքերով, ամերիկյան պատժամիջոցներից ազատվելու Ռաիսիի հայտարարությունը ‘’գուցե խոսում է այն մասին, որ իրանական կողմում իսկապես կա հարցերը դիվանագիտական եղանակով լուծելու ցանկություն’’:

Հիշեցնենք, որ 2019 թվականի նոյեմբեր ամսից Միացյալ Նահանգները պատժամիջոցներ է կիրառում ընդդեմ Ռաիսիի` նրան մեղադրելով 1988 թվականին Իրանում մի քանի հազար քաղաքական բանտարկյալների սպանության գործում մասնակցություն ունենալու մեջ:

Իրանի առաջնորդները հրաժարվում են ընդունել նշված սպանությունների փաստը:

XS
SM
MD
LG