Մատչելի հղումներ

ԱՄՆ-ը Լիբանանին խոստանում է եւս 100 միլիոն դոլար


ԱՄՆ-ի նախագահը հավելյալ 100 միլիոն դոլար գումար է խոստանում մարդասիրական նպատակներով հատկացնել Լիբանանին: Երկրի մայրաքաղաքում չորեքշաբթի օրը նշում էին նավահանգստում տեղի ունեցած աղետաբեր պայթյունի մեկ տարին: Երկիր, որը համավարակի ու այս հսկա պայթյունի հետեւանքով հայտնվել է տնտեսական մեծ խնդիրների մեջ: Նախագահ Ջո Բայդենը նաեւ շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի իր պաշտոնակից Էմանուել Մակրոնին` ի աջակցություն Լիբանանի, միջազգային դոնորների վեհաժողով սկսելու ջանքերի համար: Մակրոնը քննադատել է Լիբանանի ‘’ձախողված’’ քաղաքական դասին այդ երկրի տնտեսական խառնաշփոթի համար: Այս խոսքերով նա հանդես է եկել վեհաժողովի բացման ժամանակ, որն արդեն հանգանակել է ավելի քան 370 միլիոն դոլար:

Երկրի մայրաքաղաքն ամբողջությամբ ցնցած պայթյունից անցել է մեկ տարի, սակայն քաղաքական վերնախավին դեռեւս չի հաջողվել կազմել երկիրը վերակառուցելու ունակ կառավարություն, չնայած Ֆրանսիայի եւ միջազգային համայնքի կողմից առկա ճնշումներին:

Ֆրանսիան, որպես Լիբանանի նախկին գաղութատեր պետություն, ղեկավարում է այս երկիրը ճգնաժամից դուրս բերելու միջազգային ջանքերը: Պայթյունից հետո Մակրոնը երկու անգամ այցելել է Բեյրութ, ապահովել արտակարգ իրավիճակի համար հատկացումներ եւ ճամփորդության արգելք հաստատել Լիբանանի պաշտոնատար մի քանի անձանց նկատմամբ, տնտեսական բարեփոխումների փաթեթ պահանջելու իր ջանքերի շրջանակում:

XS
SM
MD
LG