Մատչելի հղումներ

Սինջարի եզդիների ապագան այսօր մնում է անորոշ


Իրաքում ու աշխարհի տարբեր հատվածներում այս օրերին նշում են Իսլամական պետություն ծայրահեղական խմբավորման կողմից եզդիների դեմ Իրաքի Սինջար քաղաքում իրականացված ջարդերի յոթերորդ տարելիցը: Իսլամիստներն այստեղ սպանել էին եզդի հազարավոր տղամարդկանց ու սեռական ստրկության տարել երիտասարդ կանանց: Ջարդեր, որոնք ՄԱԿ-ն անվանել է ‘’ցեղասպանության արշավ’’:

Լամիրա Հաջի Բաշարը 2014 թվականին միայն 16 տարեկան էր, երբ նրան գերեւարեցին Դաեշի ծայրահեղականները: Դրանից երկու տարի անց նրան հաջողվեց փախուստի դիմել գերությունից եւ նույն թվականին արժանացավ Եվրոպական խորհրդարանի Սախարովի անվան մրցանակին, որը տրվում է մարդու իրավունքների համար պայքարող անձանց ու խմբերին:

Նրա խոսքերով, արդեն յոթ տարի է անցել, սակայն չի իրականացվել իրենց պահանջներից եւ որեւէ մեկը: Սինջարը փլատակների տակ է, եւ մարդիկ չեն կարողանում վերադառնալ այստեղ: Մեծ թվով աղջիկներ, կանայք ու երեխաներ դեռեւս չեն փրկվել Դաեշի ճիրաններից: Այս խմբավորման որեւէ անդամ դեռեւս չի ենթարկվել իրագործված հանցագործությունների համար պատասխանատվության:

Ու չնայած այն հանգամանքին, որ այսպես կոչված խալիֆայությունն այլեւս գոյություն չունի, մինչ այժմ տեղեկություններ չկան եզդի 2600 կանանց ու աղջիկների մասին: 200 հազար եզդիներ այժմ ցրվել են Իրաքի տարբեր հատվածներում, որոնց մի մասը բնակվում է գերբնակեցված ճամբարներում:

‘’Յոթ տարին բավականին երկար ժամանակ է, որպեսզի ցեղասպանության ենթարկված այս անձինք շարունակեն բնակվել վրանային ճամբարներում: Հարկավոր է, որ միջազգային ամբողջ համայնքը ցուցաբերի աջակցություն’’, ասում է ԱՄՆ-ի Խաղաղության հաստատության փորձագետներից Նոքս Թեմզը:

Իրաքի խորհրդարանն այս տարի ընդունել է եզդի փրկված կանանց փոխհատուցում հատկացնելու մասին որոշում: Սակայն այս կանացից շատերն են ասում, որ շատ քիչ բան է փոխվել իրենց հոգսերը հոգալու հարցում:

Փորձագետների խոսքերով, առաջին խնդիրը պիտի լինի հանցագործներին պատժելը:

Սակայն ամեն ինչից զատ, եզդի փրկված ազգաբնակչության ապագան այսօր դեռեւս մնում է անորոշ:

XS
SM
MD
LG