Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի հարավային նահանգներում աճում է հիվանդանոցներ տեղափոխված մարդկանց թիվը


Քովիդ հիվանդության պատճառով հիվանդանոցներ տեղափոխված մարդկանց թիվն արագ աճում է ԱՄՆ-ի հատկապես հարավային նահանգներում, երբ այստեղ արագ տարածում է գտնում կորոնավիրուսի Դելտա անվանումը կրող ենթատեսակը: Հոսպիտալացման բարձր մակարդակ է արձանագրվել Լուիզիանա, Ֆլորիդա եւ Արքանզաս նահանգներում:

Քովիդի համավարակի դեմ պայքարը համակարգող Սպիտակ տան մասնագիտական խմբի ղեկավար Ջեֆ Զայենցն ուրբաթ օրը հայտարարել էր, թե կորոնավիրուսի դեպքերը արագորեն աճում են պատվաստումների ցածր մակարդակ ապահոված հատվածներում: Նա սակայն գոհունակություն էր արտահայտել պատվաստումների միջին թվի աճի կապակցությամբ:

‘’Միայն անցած յոթ օրերի ընթացքում առաջին պատվաստմանն է ենթարկվել երեք միլիոն ամերիկացի: Այն հուլիսի 4-ից հետո մեկ շաբաթվա ընթացքում գրանցված ամենաբարձր ցուցանիշն է’’, ասել էր նա ու ավելացրել, որ ԱՄՆ-ում այժմ առնվազն մեկ չափաբաժին է ստացել բնակչության 70 տոկոսը: Տարեցների արդեն 90 տոկոսն է ստացել առնվազն մեկ չափաբաժին, ասել էր նա: Զայենցի խոսքերով, ուրախալին այն է, որ պատվաստումների մակարդակը հատկապես աճում է հիվանդության ամենաբարձր ցուցանիշն արձանագրած նահանգներում:

Պատվաստումների ենթարկվելու կոչերից ու պահանջներից զատ, կորոնավիրուսի տարածումն իշխանություններին ստիպում է որոշ հատվածներում նորից ուժի մեջ դնել դիմակներ կրելու պահանջը եւ որոշ հաստատություններում պարտադրել աշխատակիցների պատվաստումները: Օրինակ Քոլորադո նահանգի Դենվեր քաղաքի քաղաքագլուխ Մայքըլ Հենքոքը երկուշաբթի օրը հայտարարել է, թե քաղաքապետարանը պահանջելու է, որ իր բոլոր աշխատակիցները եւ ավելի խոցելի բնագավառների մասնավոր հատվածի աշխատավորները նույնպես մինչեւ սեպտեմբերի վերջը լինեն պատվաստված:

Պետական հատվածում աշխատող անձանց պատվաստումներ են պահանջում նաեւ Նյու Ջերսի, Նյու Յորք եւ Կալիֆոռնիա նահանգներում:

Հիշեցնենք, որ նախագահ Ջո Բայդենն անցյալ շաբաթ էր հայտարարել, որ դաշնային կառավարության համար աշխատող բոլոր անձինք պետք է ենթարկեն պատվաստումների, կամ պարբերաբար հանձնեն քովիդի թեստ:

XS
SM
MD
LG