Մատչելի հղումներ

Բելառուս մարզիկը Տոկիոյում ստացել է Լեհաստանի մարդասիրական վիզա


Բելառուս վազորդ Կրիստինա Ցիմանուսկայան ասում է, թե իրեն օդանավակայան են տարել հակառակ իր ցանկության, ու փորձել են պարտադրել, կիսատ թողնելով օլիմպիական մրցաշարը, Տոկիոյից վերադառնալ Բելառուս:

Մարզիկը, որը պատրաստվում էր երկուշաբթի օրն ավարտել կանանց 200 մետր վազքի մրցույթը, հայտարարել է, թե ինքն օգնություն է խնդրել Ճապոնիայի ոստիկանությունից, որպեսզի իրեն պարտադրաբար չուղարկեն հայրենիք:

Բելառուսի Օլիմպիական կոմիտեի պաշտոնատար անձինք հայտարարել են, թե մարզիչները որոշել են Ցիմանուսկայային հետ ուղարկել բժշկի խորհրդով, նշելով նրա ‘’հոգեբանական իրավիճակը’’: Կոմիտեն հրաժարվել է ներկայացնել այլ մանրամասներ:

Բելառուսի Մարզական համերաշխության հիմնադրամը, որն աջակցում է քաղաքական տեսակետների համար կալանավորված ու մրցաշարերին մասնակցելու հնարավորությունից զրկված մարզիկներին, հայտարարել է, թե Ցիմանուսկայան պատրաստվում է ապաստան խնդրել Գերմանիայից կամ Ավստրիայից:

Մարզիկի կողմից նկարահանված եւ հիմնադրամի կողմից հրապարակված տեսանյութը պատմում է այն մասին, թե ինչպես է նա Օլիմպիական միջազգային կազմակերպությանը խնդրում միջամտություն ցուցաբերել իր խնդրում:

Ինչպես 24-ամյա Ցիմանուսկայան է պատմում, մարզիչների խումբը կիրակի օրը եկել է իր սենյակ ու ասել, որ պիտի պատրաստվի հեռանալու համար: Դրանից հետո նրան տարել են օդանավակայան, նախքան երկուշաբթի օրը 200 եւ հինգշաբթի օրը 400 մետր վազքի մրցույթներին մասնակցելը:

Նրա խոսքերով, թիմից իրեն հանել են այն պատճառով, որ իր ինստագրամյան էջում պատմել է մարզիչների խմբի կողմից ցուցաբերվող անտարբեր վերաբերմունքի մասին:

Ավելի վաղ նա ասել էր, թե իրեն 400 մետր վազքի մրցույթի մեջ էին ընդգրկել այն բանից հետո, երբ թիմի մի քանի անդամների չէր հաջողվել անցնել դոպինգի թեստը:

Ցիմանուսկայան ասում է նաեւ, թե իրեն հաջողվել է կապ հաստատել Ճապոնիայում բելառուսական համայնքի հետ, որպեսզի իրեն օգնեն օդանավակայանում:

Ավելի ուշ ստացված հաղորդագրությունների համաձայն, Ցիմանուսկայային Լեհաստանը շնորհել է մարդասիրական վիզա, եւ նա այժմ գտնվում է Տոկիոյում Լեհաստանի դեսպանատանը:

XS
SM
MD
LG