Մատչելի հղումներ

Հարյուր դոլար` պատվաստում ստացող յուրաքանչյուր քաղաքացու


Այսօր, երբ կորոնավիրուսի Դելտա անվանումը կրող ենթատեսակը շարունակում է արագ տարածվել աշխարհի մի շարք երկրներում, այդ թվում`ԱՄՆ-ում, նախագահ Ջո Բայդենը դիմում է պարտադրանքի միջոցների: Ըստ նախագահական որոշման, կառավարության համար աշխատող բոլոր անձինք այսուհետ պիտի լինեն պատվաստված, կամ էլ պարբերաբար պետք է թեստ հանձնեն ու միշտ կրեն դիմակ:

‘’Ինչպես նախկինում ասել էի, դիմակ կրելը քաղաքական հայտարարություն չէ, այն ինքներդ ձեզ ու ձեր շրջապատին պաշտպանելու մասին է: Իսկ քովիդ հիվանդությամբ ծանր կերպով հիվանդանալու դեմ ամենաուժեղ պաշտպանության ձեւը պատվաստումն է’’, ասել է Բայդենը:

Ասենք, որ ԱՄՆ-ի դաշնային կառավարությունն ունի ավելի քան չորս միլիոն աշխատակից: Ի դեպ, այս հրահանգը տարածվում է նաեւ դաշնային կառավարության համար պայմանագրային կարգով աշխատող անձանց վրա:

Դաշնային կառավարության աշխատակիցների շահերը պաշտպանող արհմիությունները սակայն այլ հնչերանգով են խոսում:

‘’Մենք ակնկալում ենք, որ աշխատանքային պայմանների, այդ թվում քովիդ հիվանդության հետ կապված որեւէ փոփոխություն, մինչեւ ուժի մեջ մտնելը քննարկման առարկա կդառնա արհմիությունների հետ’’: Այս մասին է ասել Կառավարության աշխատակիցների ամերիկյան դաշնության նախագահ Էվերեթ Քելեյը: Այն դաշնային աշխատակիցների ամենամեծ արհմիությունն է, որը ներկայացնում է 700 հազար աշխատավորների:

‘’Մարդկանց բժշկական որեւէ միջոցի պարտադրելու հանգամանքը ամերիկյան չափանիշ ու ձեւ չէ, եւ պարզ կերպով ոտնահարում է քաղաքացիական իրավունքները’’: Այսպես է արտահայտվել Իրավապահ մարմինների դաշնային ընկերակցության նախագահ Լարի Քոսմին, ներկայացնելով 30 հազար աշխատակիցների:

Իսկ այս ընթացքում Դելտան խլում է նորանոր կյանքեր ու հատկապես այն հատվածներում, որտեղ գրանցվել է պատվաստումների ցածր մակարդակ:

ԱՄՆ-ի նախագահն այդ պատճառով կոչ է անում երկրի նահանգների ղեկավարներին նոր պատվաստումներ ստացող յուրաքանչյուր քաղաքացու հատկացնել հարյուրական դոլար:

XS
SM
MD
LG