Մատչելի հղումներ

Ամերիկացի վերլուծաբանները՝ ՀՀ-ի և Ադրբեջանի սահմանամերձ գոտում լարվածության աճի մասին


Ամերիկացի վերլուծաբաններն Ամերիկայի ձայնի հետ զրույցում քննարկել են են ՀՀ-ի և Ադրբեջանի սահմանային վերջին բախումներն ու դրանց պատճառները

Իրավիճակի այս վերջին սրացումը ՀՀ և Ադրբեջանի սահմանին ցույց է տալիս, որ չնայած անցած տարվա նոյեմբերին կնքված զինադադարին, պատերազմը դեռ շարունակվում է, ասում է Քարնեգիի հիմնադրամի վերլուծաբան Փոլ Սթրոնսկին: Մի շարք գործոններ, ներառյալ ներքաղաքական զարգացումները երկու երկրներում, ինչպես նաև պատերազմի շարունակություն ցանկացող շրջանակները Բաքվում, կարևոր դեր են խաղում, ըստ վերլուծաբանի, լարվածության աճի հարցում: Նա դրական է գնահատում Մոսկվայի միջնորդությամբ կողմերի միջև բանակցությունների վերսկուսումը:

՛՛Կարծում եմ, որ կողմերից ոչ մեկը իրոք չի ձգտում վերսկսել լայնածավալ պատերազմ, մասնավորապես սահմանամերձ այդ տարածքում: Կարծում եմ, որ երկու երկրները ենթարկվում են մեծ ճնշմանը՝պատերազմից խուսափելու համար՛՛,- ասում է Սթրոնսկին:

Նա կարևորում է Ռուսաստանի դերակատարությունն այս զինադադարի կնքման հարցում՝ շեշտելով, որ սա Մոսկվայի հեղինակության խնդիրն է որպես խաղաղապահ առաքելություն իրականացնող կողմի: Բացի այդ, ըստ նրա, ՌԴ-ն փորձում է վերահսկողության տակ պահել հայ-ադրբեջանական լարվածության ու Կենտրոնական Ասիայի երկրների ու Աֆղանստանի միջև սահմանային իրավիճակների հետ կապված զարգացումները:

՛՛Ռուսաստանը փորձում է այնպես անել, որ երկու իրավիճակները միաժամանակ չպայթեն: Այնպես որ, կարծում եմ՝ դա, հավանաբար, լրացուցիչ շարժառիթ է ՌԴ-ի համար՝ զինադադար հաստատելու նպատակով կողմերի վրա ուժեղ ճնշում բանեցնելու համար՛՛,-գտնում է Սթրոնսկին:

Նա, սակայն, իրավիճակը շարունակում է գնահատել վտանգավոր՝ չբացառելով լայնածավալ պատերազմի հնարավորությունը, քանի որ իրադրությունը կարող է դուրս գալ վերահսկողությունից: Ըստ Սթրոնսկու՝ Ադրբեջանը փորձում է շոշափել հայկական կողմի հակազդելու պատրաստակամությունը: Նա չի բացառում հետագայում ևս ադրբեջանական կողմից նոր փորձեր այս ուղղությամբ՝ Հայաստանում նոր կառավարության ու ձևավորված քաղաքական նոր իրականության պատճառով:

՛՛Ինձ թվում է, որ դա ավելի շատ նման է շոշափելու փորձին, քան լայնածավալ պատերազմ վերսկսելու ջանքերին, սակայն երբեք հայտնի չէ՛՛,- ասել է նա:

Իր հերթին, Ադրբեջանում ԱՄՆ-ի նախկին դեսպան Ռիչարդ Կազլյարիչի կարծիքով, կողմերի միջև ընդհարումների պատճառը խաղաղ երկխոսության կամ բանակցությունների բացակայությունն է:

՛՛Բախումները վերսկսվելու են Հայաստանի և Ադրբեջանի միջև բազմաթիվ հարցերի, ներառյալ սահմանային տարաձայնությունների, փախստականների և տեղահանվածների վերադարձի և այլ խնդիրների շուրջ, լուրջ և կանոնավոր երկխոսության բացակայության պատճառով՛՛,- նշում է Կազլյարիչը:

Նրա կարծիքով թե Երևանը և թե Բաքուն տարբեր առումներով դժգոհ են ներկա իրավիճակից և չեն տեսնում առաջընթացի այլ ճանապարհ ռազմական քայլերից բացի: Նա շեշտում է՝ եթե 1990-ականներին Մոսկվան ի վիճակի էր ինքնուրույն կանգնեցնել արյունահեղութունը, ապա այսօր ՌԴ չի կարող միայնակ առանց ԱՄՆ-ի ու Թուրքիայի հասնել կարգավորմանը: Անհրաժեշտ է համապատասխան միջազգային համակարգ, որի շուրջ կկառուցվի խաղաղ գործընթացը, շեշտում է նա:

՛՛Ռուսական խաղաղապահ առաքելությունը բավականաչափ մեծ չէ: Այն, անշուշտ, ադրբեջանական կողմից չի դիտարկվում որպես չեզոք: Եվ դա ավելի ու ավելի շատ դառնում է մտահոգության առարկա՛՛,- ասում է նա:

Երկու վերլուծաբաններն էլ շարունակում են դիտարկել ԵԱՀԿ Մինսկի խումբը որպես կարևոր հարթակ ԼՂ հակամարտության կարգավորման հարցում: Ըստ նրանց՝ հակամարտության կարգավորման տապալման համար պատասխանատու են նախևառաջ հակամարտության կողմերն, այլ ոչ թե միջնորդները, եթե անգամ որոշ դեպքերում Մինսկի խմբի համանախագահներին ուղղված քննադատությունը եղել է արդարացի:

Facebook Forum

XS
SM
MD
LG