Մատչելի հղումներ

‘’Տնտեսական մեծ խնդիրները Պուտինին ավելի վտանգավոր են դարձնում’’. Ջո Բայդեն


ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենն ասում է, թե Ռուսաստանն արդեն միջամտություն է ցուցաբերում ԱՄՆ-ում հաջորդ տարի անցկացվելիք միջանկյալ ընտրություններում:

Այս մասին մեկնաբանություններով է Բայդենը երեքշաբթի օրը հանդես եկել Ազգային հետախուզության տնօրենի գրասենյակում:

‘’Հարկավոր է, որ մենք իրական քայլեր ձեռնարկենք տարածվող ապատեղեկատվության դեմ, ինչը մարդկանց թույլ չի տալիս ճիշտ գնահատել փաստերը: Տեսեք, թե ինչ է Ռուսաստանն արդեն իսկ անում 2022 թվականի ընտրությունների շուրջ ապատեղեկատվություն տարածելու նպատակով: Այն մեր ինքնիշխանության հստակ ոտնահարում է նշանակում: Տեսեք, թե ինչ է կատարվում: Մարդիկ այսօր ավելի շատ տեղեկություններ են ստանում համացանցից, քան լրատվական այլ միջցոներից’’, ասել է Բայդենը:

ԱՄՆ-ի հետախուզական համայնքի ներկայացուցիչներին ուղղված մեկնաբանություններում Բայդենը նաև չարագուշակ կանխատեսումներ է կատարել ԱՄՆ-ի դեմ ուղղված կիբերհարձակումների մասին:

‘’Բոլորս գիտենք, թե ինչպես են կիբերսպառնալիքները, այդ թվում փրկագնի դիմաց իրականացվող համակարգչային հարձակումները ավելի ու ավելի մեծ վնաս հասցնում եւ շփոթության մեջ դնում մարդկանց ամբողջ աշխարհում: Ու եթե մի օր մենք հայտնվենք պատերազմի, իրական հրազենային պատերազմի մեջ մի մեծ տերության հետ, ապա այն կլինի կիբերհարձակումների հետեւանք’’, ասել է ԱՄՆ-ի նախագահը:

Բայդենի խոսքերով, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ունի ‘’միջուկային զենքեր, նավթի հանքեր, եւ այլեւս ոչինչ’’: Ռուսաստանի նախագահը, ըստ Բայդենի, գիտի, որ ինքը հայտնվել է տնտեսական մեծ ու իրական խնդրի պայմաններում, ‘’ինչը նրան ավելի վտանգավոր է դարձնում’’:

Բայդենը շեշտում է, որ հետախուզական գործակալությունները իրենց գործողությունները չպետք է հենեն այն իրողության վրա, թե քաղաքական որ կուսակցությունն է կազմում մեծամասնություն Կոնգրեսում կամ ով է ղեկավարում Սպիտակ տունը: ‘’Դուք պիտի լիովին ազատ լինեք քաղաքական ճնշումներից կամ կուսակցական ազդեցությունից’’, ասել է Բայդենը:

Բայդենն այս ելույթով նպատակ ուներ ընգծել հետախուզական գործակալությունների հետ Թրամփի վարած քաղաքականությունից տարբերվող հարաբերություններ:

Հիշեցնենք, որ հետախուզական համայնքի նկատմամբ Թրամփի վերաբերմունքը հրապարակավ սրվեց այն բանից հետո, երբ նա միացավ Պուտինին` հայտարարելու համար, թե Կրեմլը չի միջամտել ԱՄՆ-ում 2016-ի նախագահական ընտրություններում:

XS
SM
MD
LG