Մատչելի հղումներ

Բայդենը հայտարարել է Իրաքում ԱՄՆ ռազմական ​​առաքելության առաջիկա ավարտի մասին


ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Իրաքի վարչապետ Մուստաֆա ալ-Քազիմի հետ Սպիտակ տան հանդիպման ընթացքում
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Իրաքի վարչապետ Մուստաֆա ալ-Քազիմի հետ Սպիտակ տան հանդիպման ընթացքում

ԱՄՆ զինված ուժերը կմնան երկրում, բայց նրանց առաքելությունները կփոխվեն

Իրաքում ամերիկյան զորքերի ռազմական առաջադրանքը կավարտվի առաջիկա ամիսներին, ասել է նախագահ Ջո Բայդենը Իրաքի վարչապետ Մուստաֆա ալ-Քազիմի հետ Սպիտակ տան հանդիպման ընթացքում:

Պատասխանելով Օվալաձեւ գրասենյակում լրագրողների հարցերին ՝ Բայդենը ասաց, որ Իրաքում ԱՄՆ զորքերը նոր դեր կստանձնեն՝ շարունակելով վերապատրաստել իրաքյան ուժերին ու օգնել Իսլամական պետության դեմ պայքարում:

«Բայց մինչև տարեվերջ մենք ռազմական առաջադրանքներ այլևս չենք կատարի», - շեշտեց նախագահը:

Բայդենը չի նշել, թե մոտավորապես 2500 ամերիկացի զինվորականներից քանիսը կմնան Իրաքում:

Համատեղ հայտարարության մեջ երկու երկրները նշել են.

«Անվտանգության ոլորտի հարաբերություններն ամբողջությամբ վերաբերելու են վերապատրաստմանը, խորհրդատվությանը, օգնությանը և հետախուզական տվյալների փոխանակմանը, և մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը Իրաքում ԱՄՆ զորքեր չեն լինի, որոնք կատարում են ռազմական առաջադրանք:

«Մենք խոսում ենք առաքելության փոփոխության մասին: Այն դեմ չէ մեր գործընկերությանը, մեր ներկայությանը կամ Իրաքի ղեկավարների հետ սերտ փոխգործակցությանը », - բացատրել է Սպիտակ տան խոսնակ Ջեն Փսակին Բայդենի և ալ-Քազիմիի հանդիպումից առաջ:

Իրաքում գտնվող ամերիկյան զորքերը «ունակ են շատ առաջադրանքներ կատարել», - շաբաթ օրը Ալյասկայում լրագրողների խմբին ասաց Պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը:

Շեշտը դրվելու է յոթ տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունների կրկնությունը կանխելու վրա, երբ Իսլամական պետությունը գրավեց Մոսուլը և տասնյակ հազարավոր օտարերկրյա զինյալներ ներխուժեցին Իրաք և հարևան Սիրիա:

Այնուհետև Իրաքի կառավարական ուժերը գրեթե կործանվեցին, եւ ամեն ամիս տեղի էին ունենում ահաբեկչական գործողություններ:

«Մենք միշտ հենց սկզբից ասել ենք, որ ոչ ոք չի պատրաստվում հայտարարել, որ« առաքելությունն իրականացվել է », - Իրաքի վարչապետի այցից առաջ լրագրողներին ասաց ԱՄՆ բարձրաստիճան մի պաշտոնյա:

«Նպատակը Իսլամական պետության վերջնական պարտությունն է», - ասել են պաշտոնյաները: «Բայց ամերիկյան ուժերի և կոալիցիոն ուժերի դերը կարող է զգալիորեն կրճատվել, նրանք կարող են հետին պլան անցնել, որտեղ մենք զբաղվելու ենք վերապատրաստմամբ, խորհրդատվությամբ, հետախուզական տվյալների փոխանակմամբ, նյութատեխնիկական աջակցությամբ ու այլ օժանդակությամբ»:

Երկուշաբթի օրը Սպիտակ տանը հանդիպումն անցկացվեց Իրաքում ԱՄՆ ռազմական դիրքերի դեմ շարունակվող հարձակումների պայմաններում, որոնց համար ԱՄՆ-ը մեղադրում է Իրանի հետ կապված զինյալներին:

Շաբաթ օրը անօդաչու թռչող սարքը հարձակվեց Իրաքի Քրդստանում գտնվող ռազմաբազայի վրա, որտեղ տեղակայված են ամերիկյան զորքերը:

ԱՄՆ զորքերի տեղակայումը մեծ հակասությունների պատճառ է Իրաքում. ոմանք խոսում են Իրաքի անվտանգության ուժերին ԱՄՆ-ի ռազմական աջակցության անհրաժեշտության մասին, իսկ մյուսները, ներառյալ Իրանին առնչվող քաղաքական խմբերը, կոչ են անում դուրս բերել ամերիկյան զորքերը:

Facebook Forum

XS
SM
MD
LG